հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Թեկնածուի կենսագրությունը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց՝ Զեյնալյանը ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 9-ին Երևանում, 1976-1986 թվականներին սովորել և ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը։

1996 թվականին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը, 1999 թվականին՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան:

Թեկնածուն 2002 թվականին ավարտել է Կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է։

2006 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ 

1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և ԼՂ սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, ստացել է վիրավորում:

1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է Հայաստանի արդարադատության նախարար: 2019 թվականի հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է:

Հիշեցնենք՝  Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու մասին։

Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նրա լիազորությունները դադարեցվել էին։

Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր:

Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:

  • Կիսվել: