շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բաքվում կանցկացվի Եվրոպայի ռաբբիների համաժողովը․ կքննարկվի Ադրբեջանի միացումը Աբրահամի համաձայնագրերին

Բաքվում կանցկացվի Եվրոպայի ռաբբիների համաժողովը․ կքննարկվի Ադրբեջանի միացումը Աբրահամի համաձայնագրերին

Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի 4-6-ը տեղի կունենա Եվրոպայի ռաբբիների ներկայացուցչական համագումարը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ: Այս մասին տեղեկացնում է vesty.co.il-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Եվրոպական ռաբբիների համագումարի 70-ամյակին նվիրված միջոցառումն առաջին անգամ կանցկացվի մահմեդական երկրում: Կքննարկվի Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը՝ Ադրբեջանի հնարավոր մասնակցությամբ։ Նախատեսվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը:

Բաքվում անցկացված նախորդ համագումարը չեղարկվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառով:

Հավելենք, որ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփն Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ քննարկում է Աբրահամի համաձայնագրերին նրանց միանալու հարցը՝ դրա համար պայման է դնելով Ադրբեջանի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը։

Աղբյուրը գրել էր, որ հարցը քննարկվել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Աբրահամի համաձայնագրերը երկկողմանի համաձայնություններ են արաբաիսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Ըստ փաստաթղթի՝ երկրները հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ճանաչում միմյանց ինքնիշխանությունը։

  • Կիսվել: