Այսօր Սիրիայում շարունակվել են զինված բախումները
Այսօր Սիրիայի հարավային Սուեյդա շրջանում կրկին զինված բախումներ են տեղի ունեցել բեդվին և Իսրայելի աջակցությունը վայելող դրուզ զինյալների միջև: Այս մասին հայտնել է «Ֆրանս պրես»-ի թղթակիցը՝ տեղից հաղորդելով այրվող տների և խանութների մասին։
Նա նշել է, որ այսօրվա բախումների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ բախումները հաջորդում են Սիրիայի կառավարական զորքերի նահանջին: Ժամանակավոր կառավարությանը հավատարիմ ուժերը քաղաքը լքեցին տեղի դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ մարտերում կրած ծանր կորուստներից և Իսրայելի կողմից Դամասկոսին հասցված հարվածներից հետո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուեյդայում կիրակի օրը բռնկված զինված բռնությունների հետևանքով շուրջ 600 մարդ է սպանվել՝ ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի։


