կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Այսօր հնարավորություն է Թուրքիայի համար հրաժարվելու իր ծայրահեղ վտանգավոր նվաճողական քաղաքականությունից. կիպրական կուսակցություն

Այսօր հնարավորություն է Թուրքիայի համար հրաժարվելու իր ծայրահեղ վտանգավոր նվաճողական քաղաքականությունից. կիպրական կուսակցություն

 Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական խմբակցություն – Համագործակցություն կուսակցությունը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է. «Մենք դատապարտում ենք Թուրքիայի էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականությունը՝ վերահաստատելով մեր աջակցությունը հայ ժողովրդին:

Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն իր տեղն է զբաղեցնում մարդկության պատմության սև էջերի մեջ։

107 տարի առաջ թուրքերը հանցանք գործեցին մի ամբողջ ժողովրդի նկատմամբ: 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահապատժի ենթարկվեց՝ բնաջնջման արշավի ընթացքում:

Որպես Ժողովրդավարական դաշինք – Համագործակցություն կուսակցություն` դատապարտում ենք Թուրքիայի էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականությունը և վերահաստատում մեր, ինչպես նաև ողջ Կիպրոսի ժողովրդի աջակցությունը հայ ժողովրդին՝ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործում։

Անցյալ տարի, այս օրը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի նախագահի ու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ցույց տվեց ճանապարհը, որպեսզի, ի վերջո, քաղաքակիրթ մարդկությունը հստակ ուղերձ հղի առ այն, որ աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ ժամանակավոր շահերից դուրս կա բարոյական և միջազգային իրավական կարգ, որը վեր է անօրինական նպատակահարմարություններից, տարբեր խաղերից։

Այս օրը հանդիսանում է ազգային ինքնամփոփման հնարավորություն նաև հենց Թուրքիայի համար»:

Կուսակցությունից հիշեցրել են, որ Թուրքիան շարունակում է բռնազավթած պահել Կիպրոսի Հանրապետության տարածքի 37%-ը, Միջերկրական ծովի Արևելյան հատվածում հանդես է գալիս որպես ծովահեն, ուժեղ ներկայություն ունի Սիրիայում և Լիբիայում ու աջակցություն էր ցուցաբերել Արցախի դեմ ուղղված ադրբեջանական հարձակմանը։

«Այսօր Թուրքիայի համար հնարավորություն է առերեսվելու միջազգային իրավունքի, ինչպես նաև համամարդկային և համընդհանուր սկզբունքների ու արժեքների հետ՝ հրաժարվելով իր ծայրահեղ վտանգավոր նվաճողական քաղաքականությունից»,- եզրափակել է Ժողովրդավարական խմբակցություն – Համագործակցություն կուսակցությունը։

  • Կիսվել: