Այսօր աշխարհում ոչ թե զինաթափում, այլ միջուկային սպառազինության աճ է արձանագրվում․ Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գլոբալ մակարդակում այսօր արձանագրվում է ոչ թե զինաթափման, այլ միջուկային սպառազինության աճ։ Այս մասին Գրոսսին ասել է Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Vatican News-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկրները զարգացնում և ավելացնում են իրենց միջուկային զինանոցները։ Միևնույն ժամանակ միջուկային զենք չունեցող որոշ երկրներ ավելի բաց են խոսում նման ուժ ունենալու հնարավորության, նույնիսկ անհրաժեշտության մասին։ Մեր խնդիրը պետք է լինի խոչընդոտել այդ միտմանը»։
Գրոսսին ընդգծել է Հռոմի Պապի՝ զինաթափման մասին կոչերի կարևորությունը: Նրա խոսքով՝ դրանք պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների։ Ըստ Գրոսսիի՝ սա միջուկային անվտանգության ոլորտում ամենամեծ մարտահրավերն է մինչ օրս։
Բացի դրանից՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակին՝ նշելով, որ օբյեկտը շարունակում է լուրջ վտանգի տակ մնալ ռազմական գործողությունների հետևանքով։
«ԱԷԿ-ը գտնվում է հենց առաջնագծում։ Այն գրեթե ամեն օր ենթարկվում է ռմբակոծությունների և անօդաչուների հարձակումների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բազմակի անջատումների։ Հավանականությունը, որ ինչ-որ բան տեղի կունենա, չափազանց մեծ է»,-նշել է նա:
Չնայած առկա մտահոգություններին՝ ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ որոշ առաջընթաց արձանագրվել է անցյալում՝ հատկապես 1980-1990-ականներին միջուկային զենքի սահմանափակման ուղղությամբ։
Գրոսսին հուսադրող է համարել այն հանգամանքը, որ Ալյասկայի գագաթնաժողովում երկար դադարից հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն կրկին բարձրացրել են միջուկային զինաթափման հարցը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ուղղությամբ հնարավոր առաջընթացը կարող է մեծացնել նաև միջուկային սպառազինության սահմանափակման հավանականությունը»,-ասել է նա:


