ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհում աճում է անկայունությունը, բազմապատկվում են ռիսկերը եւ սպառնալիքները. ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել

Աշխարհում աճում է անկայունությունը, բազմապատկվում են ռիսկերը եւ սպառնալիքները. ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ աշխարհում աճում է անկայունությունը, բազմապատկվում են ռիսկերը եւ սպառնալիքները, միջազգային հարաբերություններում ուժգնանում է կոնֆլիկտայնությունը: Այս մասին նշված է ՀԱՊԿ անդամ երկրների՝ աշխարհում համապարփակ կայունության ապահովման վերաբերյալ հավաքական անվտանգության մասին հայտարարության մեջ:

՛՛Խաղաղության եւ կայունության համար հավասար պատասխանատվության, փոխադարձ հարգանքի եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներն ուշադրության չեն արժանանում ավելի ու ավելի հաճախ:
 
Գոյություն ունեն սպառազինության վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման գործող ճարտարապետության նպատակադրված վերացման գործընթացներ, որոնք հանգեցնում են միջազգային անվտանգության եւ կայունության էական թուլացմանը:
 
Գործոնները, որոնք բացասաբար են ազդում համընդգրկուն կայունության վրա, ինչպես նախկինում, շարունակում են աճել: ՀՀՊ գլոբալ համակարգի զարգացումը եւ տեղակայումը, տիեզերական տարածքում զենքի տեղակայման սպառնալիքը, սպառազինությունների մրցավազքի նոր տեխնոլոգիական մակարդակի անցնելու հեռանկարը, որը կարող է հանգեցնել սովորական սպառազինության ոլորտում քանակական եւ որակական անհավասարակշռության է՛լ ավելի մեծ աճի, ավելի զգալի ռիսկեր են պարունակում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, խոչընդոտում են զինաթափման ոլորտում հետագա առաջընթացին, այդ թվում՝ միջուկային:
 
Այս պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները կրկին հայտարարում են իրենց հանձնառության մասին համապարփակ կայունության հայեցակարգին, որը հիմնված է համագործակցության, հավասար եւ անբաժանելի անվտանգության վրա, ինչպես նաեւ պաշտպանում են վստահության վերականգնումը ու կառուցողական երկխոսությունը` կանխելու սպառազինությունների մրցավազքի ռիսկերը եւ ի վնաս երկարաժամկետ անվտանգության շահերի՝ ռազմական ակտիվության հետագա մեծացումը:
 
ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգություն են հայտնում՝ կապված 1987 թվականի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշման հետ, ինչի հետեւանքով այս պայմանագիրը կդադարի գործել:
 
Նշում են, որ չնայած ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաեւ այլ երկրների բազմաթիվ կոչերին, ամբողջությամբ չեն իրականացվել Պայմանագրի համատեքստում առկա խնդիրները կարգավորելու եւ դրա կենսունակությունն ապահովելու հնարավորությունները՝ կողմերի միջեւ բովանդակային եւ մասնագիտական ​​երկխոսության, ինչպես նաեւ փոխադարձ թափանցիկ միջոցառումների հիման վրա: Շեշտում են ներկա պայմաններում հրթիռային ոլորտում կանխատեսելիությունն ու կայունությունն ապահովելու ուղղությամբ ջանքերի պահանջված լինելը:
 
ՀԱՊԿ անդամ երկրները բարձր են գնահատում համապարփակ կայունության պահպանման գործում 2010 թվականի ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման եւ սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի դերը, ընդգծում են դրա անշեղորեն իրականացման անհրաժեշտությունը եւ ողջունում են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների կողմից այն երկարացնելու մասին համաձայնագրի կնքումը: Նրանք նաեւ կոչ են անում ռազմական միջուկային ներուժ ունեցող բոլոր պետություններին միանալ միջուկային զենքի կրճատման եւ սահմանափակման գործընթացին բազմակողմ բնույթ տալու հնարավոր ուղիների քննարկմանը:
 
ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը ոչ միջուկային աշխարհ կառուցելու նպատակին եւ վստահությունը, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մնում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարը, միջուկային զինաթափմանը տանող ճանապարհի շարժման հիմքը՝      առանց բացառության բոլոր պետությունների համար միջազգային կայունության, հավասար եւ անբաժանելի անվտանգության ամրապնդման պայմաններում եւ կոչ են անում պահպանել դրա ամբողջականությունն ու կենսունակությունը իրենց միջազգային պարտավորությունների շրջանակում:
 
Մենք վերահաստատում ենք բոլոր պետությունների՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքը, եւ նաեւ շեշտում ենք ատոմակայանների դեմ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը: Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը (ՄՓՀԱ) դեռ ուժի մեջ չի մտել: ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում բոլոր այն պետություններին, որոնց գործողություններից կախված է Պայմանագրի ճակատագիրը, մասնավորապես` Հավելված 2-ում նշված մնացած ութ երկրներին անհապաղ վավերացնել ՄՓՀԱ պայմանագիրը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: