հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը. Շոլցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը. Շոլցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը: Այս մասին Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացնում է interfax.com.ua-ն։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե մենք ուզում ենք, որ այս պատերազմն ավարտվի, ապա չենք կարող անտարբեր լինել այն հարցի, թե ինչպես է այն ավարտվելու: Պուտինը իր պատերազմից և իր իմպերիալիստական նկրտումներից կհրաժարվի միայն, եթե հասկանա, որ չի կարող հաղթել: Ընդ որում, նա ոչ միայն կործանում է Ուկրաինան, այլև սեփական երկիրը։ Այդ իսկ պատճառով մենք չենք ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը։ Դրա համար մենք չենք ընդունի ոչ մի ցուցադրական հանրաքվե։ Եվ դա է պատճառը, որ Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանվել ռուսական ներխուժումից՛՛:

Շոլցը վերահաստատել է, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային իր ողջ ուժով՝ ֆինանսապես, տնտեսապես, մարդասիրական օգնություններով, ինչպես նաև զենքով։ Նա հայտարարել է, որ  ՛՛Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ օկուպացիոն պատերազմի համար նվազագույն արդարացում չկա՛՛:

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ տեսակետ է հայտնել նաև Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը: Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա հայտարարելը ՛՛վատ և սխալ քայլ է՛՛, ինչը կհանգեցնի Ուկրաինայում հակամարտության սրմանը:

Նա Բեռլինում նշել է, որ իրենք դա կգնահատեն քաղաքականության տեսանկյունից և կքննարկեն, թե ինչպես արձագանքել դրան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

  • Կիսվել: