«Առաջին ալիքում» հայտնված աղջկա հարցը Կրեմլի օրակարգում չէ, դա խուլիգանություն է․ Պեսկով
Պացիֆիստական բովանդակությամբ պաստառով Ռուսաստանի «Առաջին ալիքում» հայտնված աղջկա հարցը Կրեմլի օրակարգում չէ, դա խուլիգանություն է: Այս մասին «Ռիա Նովոստիին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան որոշակի գերատեսչություններ, որոշակի մարմիններ, որոնք զբաղվում են այդպիսի հարցերով: Իսկ ցանկացած հեռուստաալիքի ուղիղ հեռարձակումը հատուկ հարթություն է, որտեղ հատուկ պատասխանատվություն կա հատկապես այնտեղ աշխատողների համար»,- ընդգծել է խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուսական «Առաջին ալիքի» լրատվական հաղորդման ընթացքում աշխատակիցներից մեկը ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։
Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։
Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։