Արաղչին Լիբանանի նախագահին կոչ է արել երկիրը փրկել «իսկական թշնամուց»
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և հայտարարել, որ այդ երկրի իսկական թշնամին Իսրայելն է: Այս մասին Արաղչի գրել է սոցցանցի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դատելով նախագահ Ջոզեֆ Աունի հայտարարություններից՝ կարելի է կարծել, թե ոչ թե Իսրայելը, այլ Իրանն է օկուպացրել Լիբանանի մեկ հինգերորդ մասը, ստիպել բնակչության քառորդ մասին լքել իրենց տները և ամեն օր ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը։ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամուց»,:
Նշենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, Լիբանանի նախագահ Աունն Իրանի ղեկավարությունից պահանջել էր դադարեցնել միջամտությունը Լիբանանի ներքին գործերին, որը ծանր բանակցությունների արդյունքում հասել է Իսրայելի հետ հրադադարի։ Նրա խոսքով՝ իրանցիները Լիբանանն օգտագործում են որպես մանրադրամ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ սակարկություններում, իսկ լիբանանցի ժողովուրդը դրա համար գին է վճարում։
Աունի խոսքով՝ իր երկրի շահերը չեն համընկնում Իրանի շահերի հետ, որն աջակցում է Իսրայելի դեմ պատերազմող շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իսմայիլ Քաանին իսրայելական բանակից պահանջել էր նահանջել այն դիրքեր, որոնք նա զբաղեցնում էր փետրվարի 28-ի դրությամբ՝ Իրանի դեմ 40-օրյա պատերազմի սկզբին։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են հարված հասցնել Իսրայելին, եթե նրա բանակը սկսի գրոհել Բեյրութը։



