Արաբական երկրները ՀԱՄԱՍ-ին հորդորել են հեռանալ Գազայի իշխանությունից
Եգիպտոսը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը ստորագրել են մի փաստաթուղթ, որով կոչ են անում վերջ դնել արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման կառավարմանը Գազայի հատվածում: Այս մասին տեղեկացնում է DPA-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Ի թիվս այլ երկրների՝ այն ստորագրել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Բրազիլիան, Իտալիան, Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան:
Ինչպես հաղորդվում է՝ փաստաթղթում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի իր կառավարումն անկլավում և միջազգային աջակցությամբ զենքը փոխանցի Պաղեստինի ինքնավարությանը: Միաժամանակ կողմերը դատապարտել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան խմբավորման հարձակումն Իսրայելի վրա:
Փաստաթղթում կան նաև կոչեր ուղղված իսրայելական կողմին: Այն ստորագրողները պահանջում են, որ հրեական պետությունն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կանխի Հորդանան գետի արևմտյան ափին հրեա վերաբնակիչների գործունեությունը: Խումբն աջակցել է նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կայունացնող ուժերի ստեղծմանը։


