Անկարայում կոչ են արել վերանայել Ռաիսիի մահվան պատճառները Լիբանանում արտակարգ դրությունից հետո
Լիբանանում փեյջերների պայթեցման հետ կապված գործողությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան հանգամանքները վերանայելու անհրաժեշտություն է ստեղծում, հինգշաբթի գրել է Hürriyet թերթը։
«Չէ՞ր կարող արդյոք Իսրայելը, որը փեյջերներում պայթուցիկ դնելու մեջ հանցակցություն ունի, կապ ունենալ Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կործանման, Իսմայիլ Հանիեի սպանության հետ։ Փեյջերների պայթյուններից հետո պետք է վերանայել նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ Իսմայիլ Հանիեի սպանության տարբերակը»,- գրել է պարբերականը։
Իրանի նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Ամիր-Աբդոլահիանին եւ այլ պաշտոնատար անձանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին Վերզեգանում, երկրի հյուսիս-արեւմուտքում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է նախագահի եւ նրա պատվիրակության մահվան փաստը։ Հուլիսի վերջին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց Թեհրանում նրա նստավայրին հասցված հարվածից, որտեղ նա մասնակցելու էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը։ Շարժումը Հանիեի սպանության պատասխանատվությունը դրել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի վրա։
Իրանի Tasnim պետական գործակալությունը չորեքշաբթի հայտնել է, որ իսրայելական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան մասին իբր փեյջերի դետոնացիայի պատճառով սուտ են՝ ուղղված Իրանի բնակչության վստահության խափանմանը ռազմական եւ պետական իշխանական մարմինների նկատմամբ։