կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը միայն իր պահանջները կատարելու դեպքում. Էրդողան

Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը միայն իր պահանջները կատարելու դեպքում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, Ուկրաինայում զարգացումները և հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Էրդողանը նշել է, որ Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը, միայն եթե Հելսինկին և Ստոկհոլմը կատարեն ահաբեկչության դեմ պայքարում իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ Թուրքիային արտահանձնեն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց:

Նա նաև նշել է, որ Անկարան մտադիր է է՛լ ավելի կենտրոնանալ հացահատիկի գործարքի երկարաձգման վրա, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Անկարայի և Աթենքի հարաբերություններին, ընդգծել՝ իր երկիրը պատասխանատու չէ տարածաշրջանում աճող լարվածության համար։ Էրդողանի խոսքով՝ Հունաստանը պետք է ողջախոհություն ցուցաբերի և երկխոսություն սկսի։

Ստոլտենբերգը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ դա ավելի կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը։

  • Կիսվել: