հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով

ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով

Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորման միտումով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Մեթյու Միլլերի խոսքով՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում տասից ավելի գործիչ է ձերբակալվել: «Դա անընդունելի է»,- շեշտել է պաշտոնյան։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը»,- հայտարարել է Միլլերը, հավելել՝ Վաշինգտոնը կոչ է անում շուտափույթ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին։

Լրագրողների նկատմամբ բռնաճնշումների կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

«Անհանգստացած ենք Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունից: Կոչ ենք անում ազատ արձակել նրան և բոլոր ազատազրկվածներին՝ հիմնարար ազատություններին համապատասխան»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: