կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին․ Սալիվան

ԱՄՆ-ը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին․ Սալիվան

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«ԱՄՆ-ն ավելի վաղ հանդես էր գալիս Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսման օգտին։ Նախագահ Ջո Բայդենը սկսել է զբաղվել այս թեմայով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը բարձրացնելուց շատ առաջ։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները փոխկապակցված չեն»,- ասել է Սալիվանը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հանդես գալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և աջակցել Անկարային այդ հարցում: «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսությունը կառուցողական է։ Իհարկե, բանակցությունները պետք է շոշափեն այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են կայուն ժողովրդավարության համար, դրանով է անցնում ԵՄ յուրաքանչյուր հնարավոր անդամ, այդ թվում՝ Թուրքիան»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Եվրամիության անդամ դառնալու Անկարայի ցանկությանը, սակայն դա չպետք է խանգարի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

Սպիտակ տան դիրքորոշումը ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է նաև Պետքարտուղարության խոսնակ Մթեյու Միլլերը: Նա նշել է, որ Վաշինգտոնը մշտապես աջակել և աջակցում է Անկարայի ձգտումներին՝ դառնալու ԵՄ լիիրավ անդամ:

  • Կիսվել: