կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը և ՌԴ արտգործնախարարը քննարկել են Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղարը և ՌԴ արտգործնախարարը քննարկել են Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրենց զրույցի ընթացքում քննարկել են հարաբերությունների հետագա վերականգնման և Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսի հաղորդման մեջ։

«Պետքարտուղարը Ռուսաստանին տեղեկացրել է Իրանի կողմից հովանավորվող հութիներին զսպելու համար ԱՄՆ ռազմական գործողությունների մասին և ընդգծել, որ Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա հութիների շարունակվող հարձակումներն անընդունելի են։ Պետքարտուղար Ռուբիոն և ԱԳ նախարար Լավրովը նաև քննարկել են Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներին հաջորդող քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հազորդման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին «վճռական և հզոր ռազմական գործողություններ»  սկսել Եմենի հութիների դեմ։

Ավելի ուշ ԶԼՄ-ները, հղում անելով Եմենի առողջապահության նախարարությանը, հայտնել են, որ երկրի մայրաքաղաք Սանայի վրա ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս ինը վիրավորվել է։

  • Կիսվել: