ԱՄՆ-ն սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթային տանկերները
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ պարզ է։ Եթե Իրանը շարունակի կրակել ամերիկյան նավերի վրա, մենք կոչնչացնենք նրանց նավթային տանկերները։ Այն ամենը, ինչ նրանք պետք է անեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա չկրակելն է»։
Ըստ Հեգսեթի՝ Իրանի տանկերային նավատորմը անպաշտպան վիճակում է։ Նա նշել է, որ Իրանը չունի ոչ ռազմածովային, ոչ էլ ռազմաօդային ուժեր, որոնք ի վիճակի կլինեն պաշտպանել այդ նավերը։
Հեգսեթի հայտարարությունից հետո ԱՄՆ-ին նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ հաջորդ հարվածներն ավելի լուրջ են լինելու, քան նախկինում էին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր իրանական երեք նավթային տանկերների հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ Իրանը Հորմուզի նեղուցում հարվածներ էր հասցրել 6 նավերի։



