ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերն Իրաքի խոշոր բազաներից. աղբյուր
Ամերիկյան զորքերը սկսել են արագացված կերպով դուրս գալ Իրաքի երկու կարևոր ռազմաբազաներից՝ Աին ալ-Ասադից և Վիկտորիայից, ինչը շեղում է նախկինում համաձայնեցված ժամանակացույցից։ Այս մասին Kurdistan24-ի հետ զրույցում ասել է Իրաքի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ:
Նա նշել է, որ սկզբնական ծրագրի համաձայն՝ ամերիկացիները պետք է աստիճանաբար հեռանային մինչև 2025–2026 թթ., սակայն վերջին օրերին Բաղդադին հաղորդվել է, որ երկու բազաներից ամերիկյան ուժերի դուրսբերումը կլինի ավելի շուտ և արագացված։
Աղբյուրի խոսքով՝ երկու բազաները, ինչպես սպասվում է, ամբողջությամբ կազատվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Նաև նշվել է, որ դուրս բերված զինվորների մի մասը տեղափոխվել է Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ։
Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուժերի դուրսբերումը Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությունը նվազեցնելու ավելի լայն ծրագրի մաս է կազմում, սակայն հրաժարվել է տրամադրել հստակ ժամանակացույց կամ լրացուցիչ մանրամասներ։


