կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն հայտարարել է Կարմիր ծովում հութիների նոր գրոհների մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Կարմիր ծովում հութիների նոր գրոհների մասին

Կարմիր ծովում մի քանի առևտրային նավեր հայտնել են հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից իրենց ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին, այդ մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Հունվարի 2-ին, Սանայի ժամանակով երեկոյան մոտավորապես 9։30-ին Իրանի աջակցությունը վայելող հութիները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող շրջաններից դեպի Կարմիր ծովի հարավային մաս: Այս շրջանում մի քանի առևտրային նավեր հաղորդել են, որ մոտակայքում բալիստիկ հրթիռներ են ընկել, բայց դրանցից ոչ մեկը չի հայտարարել որևիցե վնասի մասին», – ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ նոյեմբերի 19-ից ի վեր սա 24-րդ հարձակումն է Կարմիր ծովի հարավում գտնվող առևտրային նավերի վրա։

Դեկտեմբերի 31-ին CENTCOM-ը հայտնել էր, որ «Հանչժոու» բեռնատար նավը, որը պատկանում է դանիական «Մայերսկ» նավագնացային ընկերությանը և նավարկում Սինգապուրի դրոշի ներքո, երկու անգամ հարձակման է ենթարկվել Կարմիր ծովում։ Սկզբում ամերիկյան «Գրեյվլի» ռազմանավը խոցել է նավի վրա արձակված երկու հականավային բալիստիկ հրթիռները, իսկ 24 ժամ չանցած հութիները կրկին հարձակվել են բեռնատար նավի վրա։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռները պատասխան կրակ են բացել և խորտակել երեք կատեր, իսկ չորրորդին հաջողվել է հեռանալ։

Նոյեմբերի կեսերին «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի հյուսիսը, նախազգուշացրել էր Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա գրոհելու իր մտադրության մասին և մյուս երկրներին կոչ էր արել հետ կանչել իրենց անձնակազմերը: Դրանից հետո առանձին նավագնացային ընկերություններ որոշեցին դադարեցնել փոխադրումները Սուեզի ջրանցքով, իսկ «Բրիթիշ Փեթրոլեում» և «Էքվինոր» էներգետիկ ընկերությունները դադարեցրին նավթամթերքի լցանավային փոխադրումը Կարմիր ծովով։

ԱՄՆ-ն իր հերթին շաբաթներ առաջ հայտարարել է մի շարք երկրների հետ համատեղ գործողության մասին՝ Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համար։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ»-ն սպառնացել է, որ իրեն իրավունք է վերապահում հարձակվել այս կոալիցիայի մասնակից երկրների նավերի վրա։

  • Կիսվել: