երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հուսիների թիրախներին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 36 հարված են հասցրել Եմենում հուսիների թիրախներին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը 36 հարված են հասցրել Եմենում գտնվող օբյեկտներին, որոնք կապված են «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների հետ: 

Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները և Նոր Զելանդիան աջակցություն են ցուցաբերել ամերիկյան և բրիտանական ուժերին։
 
Փաստաթղթից հետևում է, որ հարվածները հասցվել են «հուսիների 36 թիրախի Եմենի 13 վայրում՝ ի պատասխան Կարմիր ծովով նավարկող օտարերկրյա առևտրային նավերի և ռազմանավերի վրա նրանց շարունակվող հարձակումներին»։
 
Հայտարարության մեջ նշվում է, որ «այս ճշգրիտ հարվածները կոչված են թուլացնելու և խաթարելու հուսիների հնարավորությունները»։
 
Հարվածների թիրախները եղել են «խորը ստորգետնյա զենքի պահեստները, հրթիռային համակարգերն ու կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադարները»։ Փաստաթղթում նշվում է, որ երկրները «հանձնառու են նվազեցնել լարվածությունը և վերականգնել կայունությունը Կարմիր ծովում»։
 
«Մենք չենք վարանի պաշտպանել կյանքը և ազատ առևտուրը աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկի երկայնքով», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

  • Կիսվել: