ԱՄՆ-ն և Եվրամիությունը համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ. Թրամփ
ԱՄՆ-ն և Եվրամիությունը համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդվում է՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կիրակի օրը սակագնային համաձայնագրի են հասել Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կարճատև հանդիպումից հետո։
Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համաձայնագիրը ներառում է 15 տոկոս սակագին ԱՄՆ ներմուծվող ԵՄ ապրանքների վրա, բացի դրանից՝ ԵՄ-ն ԱՄՆ-ից էներգակիրներ և ռազմական սարքավորումների զգալի գնումներ կանի։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ համաձայնագիրը նաև նախատեսում է 600 միլիարդ դոլարի ներդրումներ ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ում։
Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հավելել է, որ համաձայնագիրը կներառի 15 տոկոս սակագներ բոլոր ապրանքների համար: Նրա խոսքով՝ դա կօգնի վերականգնել առևտուրը երկու խոշոր առևտրային գործընկերների միջև։


