շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ի կոչերը Չինաստանին՝ միանալու միջուկային զինաթափման վերաբերյալ ԱՄՆ-ՌԴ բանակցային գործընթացին, անիմաստ են. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ-ի կոչերը Չինաստանին՝ միանալու միջուկային զինաթափման վերաբերյալ ԱՄՆ-ՌԴ բանակցային գործընթացին, անիմաստ են. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունի կարծիքով՝ Վաշինգտոնի կոչերը Չինաստանին՝ միանալու միջուկային զինաթափման վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացին, անիմաստ են, տեղեկացնում է Global Times-ը։

«Չինաստանի միջուկային ներուժը չի հասնում ԱՄՆ-ի մակարդակին, և Չինաստանին ուղղված պահանջները՝ միանալու ԱՄՆ-Ռուսաստան միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններին, անիմաստ են և անիրատեսական»,-ասել է նա:

Խոսնակն ընդգծել է, որ «Չինաստանը հավատարիմ է միջուկային զենքն առաջինը չօգտագործելու քաղաքականությանը և միջուկային ինքնապաշտպանության ռազմավարությանը, միշտ պահպանել է միջուկային ուժերը ազգային անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակի վրա և չի մասնակցում երրորդ երկրների հետ սպառազինությունների մրցավազքին»։

Նա հավելել է, որ աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցներ ունեցող երկրները պետք է կատարեն միջուկային զենքի կրճատման իրենց պարտավորությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ միջուկային զինանոցների կրճատման հարցը բարձրացվել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նախագահի խոսքով՝ ինքը կողմ է Չինաստանի ներգրավմանը միջուկային զինանոցների կրճատման հնարավոր գործընթացում։

  • Կիսվել: