հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանը հիշատակել է որպես հակառուսական պատժամիջոցների շրջանցման «փոխաբեռնման կետ»

ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանը հիշատակել է որպես հակառուսական պատժամիջոցների շրջանցման «փոխաբեռնման կետ»

ԱՄՆ-ի կառավարությունը հինգշաբթի օրը ընկերություններին կոչ է արել հետեւել Ռուսաստանի հետ կապված պատժամիոջցներին, որոնք մտցվել են Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո, նախազգուշացնելով, որ այս պահանջը չկատարելը կարող է հանգեցնել պոտենցիալ դատական հետապնդման կամ հարկադիր գործողությունների, տեղեկացրել է Reuters-ը։

Ձեռնարկությունները պետք է տեղեկացված լինեն այն մարտավարության մասին, որն օգտագործվում է Ռուսաստանի դեմ սահմանափակումները եւ պատժամիջոցները շրջանցելու համար, ներառյալ կեղծ ընկերությունների, կեղծանունների եւ առաքման մասին գաղտնի տեղեկության, նախազգուշացնող այլ միջոցների կիրառումը, նշված է ԱՄՆ-ի արդարադատության, առեւտրի նախարարությունների եւ գանձապետարանի համատեղ ծանուցման մեջ։

ԱՄՆ-ի կառավարության կողմից հիշատակվում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որոնք օգտագործվում են որպես «փոխաբեռնման կետեր»՝ Ռուսաստան կամ Բելառուս սահմանափակված ապրանքների անօրինական վերուղղորդման համար։

«Բոլոր տեսակի ձեռնարկությունները պետք է գործեն պատասխանատվությամբ՝ իրականացնելով այս պահանջների կատարման խիստ վերահսկողություն»,- ավելացվել է համատեղ ծանուցման մեջ։

ԱՄՆ-ը, Եվրոպան եւ գործընկեր այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ՝ մեկ տարի առաջ Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո, փորձելով տնտեսապես վնասել Մոսկվային։ Պատժամիջոցներով սառեցվում են ամերիկյան ակտիվները, արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների տակ հայտնվածների հետ։

Ըստ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ «չարամիտ սուբյեկտները» շարունակում են Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները եւ արտահանման վերահսկման միջոցները շրջանցելու փորձերը, այդ թվում կողմնակի միջնորդների օգնությամբ։

  • Կիսվել: