ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ հետախուզական ծառայություններն արձանագրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը

ԱՄՆ հետախուզական ծառայություններն արձանագրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը

Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին համակարգված հարձակման միջոցով զավթել է Հայաստանի տարածքի մի մասը: Երկու երկրների հարաբերություներն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված: Նման եզրահանգումներ են կատարել ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2023 թ.-ի իրենց ամենամյա զեկույցում: Գլոբալ սպառնալիքների գնահատման շուրջ փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին, երբ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, Պաշտպանության հետախուզական գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները հանդես են եկել Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև:

«Խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ռեժիմը գործի դնելու մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար ռազմական ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը», - ընդգծվում է զեկույցում:

ԱՄՆ հետախուզության զեկույցում նշվում է, որ սահմանազատված սահմանին մոտ զինված ուժերի առկայությունը մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, «թեև նման բախումներն, ամենայն հավանականությամբ, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թ. մայիսից միջպետական ​​սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։

«Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ զավթելով հայկական տարածքի մի մասը, որի հետևանքով զոհվեց գրեթե 300 զինծառայող», - գրված է փաստաթղթում։

ԱՄՆ հետախուզական ծառայությունները նշում են, որ խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պետական ​​սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը «հեռու են լուծվելուց»:

  • Կիսվել: