ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ հեռահար զենք կտրամադրի Ուկրաինային, որը թույլ կտա հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին

ԱՄՆ հեռահար զենք կտրամադրի Ուկրաինային, որը թույլ կտա հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին

ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային միջին հեռահարության սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին։ Այս մասին, ըստ Ամերիկայի ձայնի, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը։

«Այո, մենք կշարունակենք դիտարկել այն միջոցների տեսակները, որոնք ուկրաինացիները խնդրում են՝ նրանց մի փոքր ավելի մեծ տարածություն և հեռավորություն տրամադրելու առումով», ասել է Հիքսը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է զենք մատակարարել Կիևին, որը թույլ է տալիս հարվածել Ռուսաստանի՝ մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայաններին:
 
«Քանի դեռ այդ փաթեթները չեն հրապարակվել, ես չէի ցանկանա առաջ անցնել մեր նախագահական որոշումներից: Այնուամենայնիվ, մենք շատ արագ առաջ ենք մղում այդ փաթեթները: Եվ կարծում եմ, որ առաջիկա օրերին դուք ավելի շատ բան կտեսնեք», – ասաց Հիքսը:

Այդ կապակցությամբ փոխնախարարին հարցրել են, թե արդյոք նրա խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային ավելի հեռահար զենք մատակարարելու հնարավորությունը, քան մինչ այժմ փոխանցվել է։

«Պատասխանը՝ այո», ասել է Հիքսը:

Բացի այդ, նա հաստատել է, որ ամերիկյան կողմը կշարունակի Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկատվություն։

  • Կիսվել: