շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամերիկյան պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության տեսակ են. Իրանի նախագահ

Ամերիկյան պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության տեսակ են. Իրանի նախագահ

Ահաբեկչությանը հակազդող երկրները պետք է պայքարեն նաև ամերիկյան տնտեսական ահաբեկչության դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռոհանին ասել է. «Ամերիկյան պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության տեսակ են։ Այն երկրները, որոնք հակազդում են ահաբեկչությանը, պետք է պայքարեն նաև ԱՄՆ-ի՝ նման գործողությունների դեմ» ։

Նա խոսել է նաև միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ: Ըստ Իրանի նախագահի ՝ միջազգային պայմանավորվածությունից ԱՄՆ-ի դուրս գալը սպառնալիք է ստեղծում միջազգային անվտանգության և խաղաղության համար:

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը բոլոր ջանքերը գործադրում է՝ գործարքը պահպանելու համար, սակայն համաձայնագրի կողմերից ակնկալում է պայմանավորվածության շրջանակներում պարտավորությունների իրենց մասի իրականացում:

Ռոհանին, ընդգծելով, որ Իրանը բաց է միջուկային գործարքի շուրջ երկխոսությունների համար, ասել է. «Համոզված ենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը արդյունավետ օրինակ է, որը կարող է հանգեցնել բոլոր երկրների միջև խաղաղության և բարեկամության» ։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թ.-ին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

2018-ի մայիսին, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների, որոնք Իրանի հետ բիզնես են վարում:

  • Կիսվել: