կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ալիևի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանում առաջարկել են Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ սահմանել

Ալիևի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանում առաջարկել են Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ սահմանել

Սառը պատերազմը չի ավարտվել ԽՍՀՄ փլուզմամբ, ընդհակառակը, հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Թուրքիայի տեսքով, նոր պոտենցիալ դաշնակիցներ են ձեռք բերել նախկին Վարշավայի պայմանագրի երկրներից,  Խորհրդային Միության գրեթե բոլոր նախկին հանրապետություններից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ,Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային հանձնաժողովի նախագահ Կիրիլ Կաբանովը՝ քննադատելով Ադրբեջանի գործողությունները՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններից հետո:

«Ալիևի բացահայտ հակառուսական ելույթից հետո մենք պետք է մտածենք վիզային ռեժիմ մտցնելու մասին, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։ Միայն նման կոնկրետ և հստակ քայլերով կարող ենք կանխել մեր թշնամիների կողմից հնարավոր ավելի լուրջ ոչ բարեկամական գործողությունները։ Մենք պետք է անմիջապես ուժեղ «հարված» տանք նրանց, որպեսզի ավելի բարձրանալու հիմար ցանկություն չլինի։ Եվ բարեկամության և գործընկերության մասին հեքիաթներով հին ձայնասկավառակը, որը որոշ մարդիկ սիրում են պտտել սովորությունից դրդված, պայթել է և այլևս պիտանի չէ վերարտադրման համար»,- գրել է Կաբանովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր  ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ 

  • Կիսվել: