ԱՀԿ ղեկավարն Իսրայելին կոչ է արել վերջ տալ սովին Գազայում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն Իսրայելին դիմել է կոչով՝ վերջ տալու Գազայում սովին, որի հետևանքով մահացել է առնվազն 370 մարդ։
«Սա աղետ է, որն Իսրայելը կարող էր կանխել և կարող էր դադարեցնել ցանկացած պահի: քաղաքացիական բնակչությանը սովամահ անելը պատերազմական հանցագործություն է, որը երբեք չի հանդուրժվի»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս ՄԱԿ-ը պաշտոնապես արձանագրեց՝ Գազայում համատարած սով է:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար Թոմ Ֆլետչերը՝ սնունդը չի հասնում պաղեստինյան տարածք՝ «Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտների պատճառով»։
Մարտից ի վեր Իսրայելն արգելում է օգնության մատակարարումները Գազա, ինչը, ըստ միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, հանգեցրել է սննդի, դեղորայքի և վառելիքի լուրջ պակասի։


