չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ահաբեկչության դեմ պայքարը՝ Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդակցության առանցքում

Ահաբեկչության դեմ պայքարը՝ Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդակցության առանցքում

Ահաբեկչության դեմ պայքարն Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդակցության առանցքում, գրում է parstoday.ir-ը:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած՝ ՇՀԿ անդամ երկրների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման շրջանակներում, ՌԴ և ԻԻՀ ազգային անվտանգության քարտուղարներ Նիկալայ Պատրուշևը և Ալի Աքբար Ահմադյանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ընթացքի մեջ գտնվող տարբեր նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքների արագացման հարցում երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների օգնությունը, Սիրիայի ողջ տարածքում իր ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում այդ երկրի կառավարությանն օգնելը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր։

Ցավակցություն հայտնելով Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների նահատակության կապակցությամբ, Նիկոլայ Պատրուշևը դատապարտել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակումը։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել այդ հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու Ռուսաստանի քայլը։

Նիստի շրւջանակներում Ահմադյանը հանդիպել է նաև Չինաստանի հասարակական անվտանգության նախարարի հետ և քննարկել երկու երկրների միջև 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ավելի լավ իրականացման ուղիները։

Դատապարտելով Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումը, Չինաստանի հասարակական անվտանգության նախարարը նշել է, որ դա Սիրիայի ինքնիշխանության խախտում է։

Գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Ալի Աքբար Ահմադյանը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու ՇՀԿ անդամ երկրների ազգային անվտանգության քարտուղարների հանդիպմանը։

Այցի շրջանակներում նա հանդիպել է տարբեր երկրների իր գործընկերների հետ։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001 թվականի հունիսի 15-ին՝ Շանհայում, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից:

Կազմակերպության 21-րդ նիստում Իրանը պաշտոնապես դարձավ ՇՀԿ անդամ։ Այս պահին ՇՀԿ-ն ունի 9 անդամ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Իրանը։ Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը կազմակերպության դիտորդ անդամներ են:

  • Կիսվել: