շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԷՄԳ-ի ղեկավարը մեկնել է Ուկրաինա

ԱԷՄԳ-ի ղեկավարը մեկնել է Ուկրաինա

Ատոմային էներգիայի միջազգային  գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երեքշաբթի մեկնել է Ուկրաինա՝ բանակցելու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ԱԷՄԳ-ի կողմից նախատեսված շտապ տեխնիկական օգնության ցուցաբերման առնչությամբ, նշվել է գործակալության հայտարարությունում։

Օգնությունը ներառելու է երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը եւ վթարի (որը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար) հավանականության բացառումը, նշել են ԱԷՄԳ-ում։

«Գլխավոր տնօրենի այցի նպատակը Ուկրաինայի միջուկային օբյեկտների օպերատիվ անվտանգության ապահովման նախաձեռնումն է։ Այն ներառելու է ԱԷՄԳ-ի փորձագետների այցելություն գերակա օբյեկտներ եւ կենսականորեն կարեւոր նյութերի առաքում՝ անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ մոնիթորինգի եւ վթարային արձագանքման համար անհրաժեշտ սարքավորումները»,- նշվել է ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։

«Այցի ընթացքում, այս շաբաթ, գլխավոր տնօրենը կմեկնի ուկրաինական ատոմակայաններից մեկը»,- նշվել է կայքում հրապարակված հայտարարությունում։

Գրոսին ասել է, որ ռազմական հակամարտությունը ուկրաինական ԱԷԿ-ները եւ ռադիոակտիվ նյութեր ունեցող այլ օբյեկտները կանգնեցրել է աննախադեպ վտանգի առջեւ։

  • Կիսվել: