Ադրբեջանում Խամենեիի ներկայացուցչության կարիք չկա. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին հայտարարել է, որ Ադրբեջանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջաղ Նեջաթի գործունեության կարիքը Ադրբեջանում չկա, քանի որ երկրում արդեն կա Իրանի դեսպանատուն՝ գրում է Infoteka24-ը:
Նա նաև կոչ է արել հետաքննություն անցկացնել՝ կապված տեղեկատվության հետ, ըստ որի՝ Օջաղ Նեջաթը իր շուրջը հավաքել է հավատացյալներին և սոցիալական ցանցերում զբաղվել Ադրբեջանի դեմ ուղղված գործունեությամբ:
«Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական վերաբերմունքը, իրանական կողմից սպառնալիքներով հայտարարությունները և մեր երկրի հետ սահմանին անցկացվող զորավարժությունները կողմնակալության արտահայտություն են, ինչն Ադրբեջանի հասարակությունը խստորեն դատապարտում է»,- ասել է Աղամալին Trend-ի հետ հարցազրույցում:
Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի կրոնական շիա բնակչության շրջանում: Բաքվում փակելով նրա գրասենյակը՝ Ադրբեջանի իշխանությունները, փաստորեն, երկկողմ հարաբերություններում վերացնում են կրոնական գործոնը, կտրում ադրբեջանցի շիաների կապն իրենց հոգևոր առաջնորդի հետ: