չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ադրբեջանում ձերբակալել են նախագահի շրջապատում կոռուպցիան հետաքննող լրագրողներին. BBC

Ադրբեջանում ձերբակալել են նախագահի շրջապատում կոռուպցիան հետաքննող լրագրողներին. BBC

BBC լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Ադրբեջանում մամուլի, խոսքի ազատության վիճակի մասին:

Ադրբեջանի իշխանությունները խուզարկել են AbzasMedia հետաքննական պարբերականի խմբագրությունը և կալանավորել դրա երկու ղեկավարին։ Այդ լրատվամիջոցը գրել է պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների շրջանում կոռուպցիայի մասին, տեղեկացնում է BBC-ն։

«Ոչ մի ձերբակալություն կամ ճնշումների այլ մեթոդներ չեն կարող մեզ խանգարել իրականացնելու մեր աշխատանքը և տրամադրել իրական տեղեկատվություն: Քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ովքեր և ինչպես են ծախսում իրենց հարկերը»,- ասել է AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին, որին ոստիկանները բերման են ենթարկել ու ծեծել: Իրավապահները հայտարարել են, որ խմբագրությունը խուզարկելու ժամանակ 40 հազար եվրո են հայտնաբերել:

Երեքշաբթի առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև AbzasMedia-ի խմբագիր Սևինչ Վագիֆգըզըի տանը։ Նրան ձերբակալել են գիշերը՝ օդանավակայանում, երբ վերադառնում էր Ադրբեջան։

Իշխանությունները Հասանլիին և Վագիֆգըզըին մեղադրել են փողերի մաքսանենգության համար։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Լրագրողներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ AbzasMedia-ն կարծում է, որ պարբերականի ղեկավարների ձերբակալության իրական պատճառը կոռուպցիոն հետաքննություններն են։

Այդպես են կարծում նաև Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որոնք պահանջում են ազատ արձակել լրագրողներին։

AbzasMedia պարբերականն Ադրբեջանում հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի իր հետաքննություններով։ Նրա լրագրողները, օրինակ, պարզել են, որ Զանգիլանի շրջանում տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցման հետևում կանգնած է մի ընկերություն, որը պատկանում է նախագահի օգնականի եղբորը։

Սևինչ Վագիֆգըզըն բազմաթիվ հետաքննությունների հեղինակ է։ Նա նաև հայտնի է որպես մեծ աղմուկ բարձրացրած Pegasus լրտեսող ծրագրերի զոհ, որն ադրբեջանական պետությունը ձեռք է բերել իսրայելական ընկերությունից՝ լրագրողներին սեփական հեռախոսների միջոցով լրտեսելու համար։

Մի քանի տարի առաջ Վագիֆգըզըին, ինչպես նաև նրա մի քանի այլ գործընկերների, թույլ չեն տվել լքել երկիր։

BBC-ի հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանում ընդունված պրակտիկա է, երբ տարբեր պատրվակներով լրագրողներին արգելում են ճանապարհորդել։ Լրագրողները կարծում են, որ նման սահմանափակումները կապված են իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։ Ավելին, նրանք երբեմն տարիներով չեն կարողանում հեռանալ երկրից։

Ձերբակալվել են նաև բազմաթիվ այլ հայտնի ադրբեջանցի լրագրողներ: Հոկտեմբերի տվյալով՝ քաղբանտարկյալների ցուցակը, որը հրապարակել են տեղի իրավապաշտպանները, ներառում է ավելի քան 200 մարդ։ Ընդամենը մի քանի ամսում այդ թիվը կրկնապատկվել է։

Անցյալ տարի Transparency International-ի կոռուպցիայի ինդեքսով Ադրբեջանը զբաղեցրել է 157-րդ տեղը՝ Հոնդուրասի, Իրաքի, Մյանմայի և Զիմբաբվեի հետ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում գրում է. «Լրատվական ողջ ոլորտը գտնվում է պաշտոնական հսկողության տակ, երկրի ներսում ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում, փակվում են քննադատական ​​դիրքորոշում արտահայտող բոլոր տպագիր թերթերը, այնպիսի կայքեր, ինչպիսիք են Азадлыг-ը և Мейдан ТВ-ին, արգելափակված են»։ Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հերքում են, որ ճնշում են ազատ մամուլը:

Ե՛վ տարիների ընթացքում երկրի վարկանիշի փոփոխությունները, և՛ ականատեսները վկայում են, որ ԶԼՄ-ների վիճակն Ադրբեջանում աստիճանաբար վատթարացել է հենց Իլհամ Ալիևի՝ 20 տարի առաջ իշխանության գալուց հետո, գրում է BBC-ն։

«Եթե ​​նայեք երկրի առաջատար լրատվամիջոցների վերնագրերին, ապա թվում է, թե Ադրբեջանում գրեթե այլ թեմաներ չկան, բացի Ալիևից և Լեռնային Ղարաբաղից»,- գրել է հոդվածագիրը։

AbzasMedia-ի տարածած աուդիոձայնագրության մեջ հրատարակության տնօրեն Ուլվի Հասանլին ասում է, որ իրեն ծեծելուց հետո ոստիկանությունը հարցրել է. «Ինչո՞ւ չեք գրում Ղարաբաղի մասին։ Ինչո՞ւ եք կոռուպցիայի մասին գրում»:

  • Կիսվել: