հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է ՌԴ ՊՆ-ին՝ նշելով, որ իրենց զորքերը չեն նահանջել Փառուխից

Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է ՌԴ ՊՆ-ին՝ նշելով, որ իրենց զորքերը չեն նահանջել Փառուխից

Ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքերում մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ցավով նշում ենք, որ ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարության մեջ նշել է իրականությանը չհամապատասխանող մի շարք կետեր։ Մասնավորապես՝ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքների դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը, մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- ​​հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Գերատեսչությունից նշել են, որ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և ադրբեջանցի զինվորականները վիրավորվել են, չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, չորս մարդ վիրավորվել է։

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ​​ասվում է նախարարության կայքում։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։

 

  • Կիսվել: