հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ երթուղի կգործարկվի

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ երթուղի կգործարկվի

Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին հայտարարել է, որ Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են հասել Պարսից ծոցը Սև ծովին կապող երթուղու գործարկման հարցում:

Հեդայաթին նշել է, որ Ադրբեջանի ու Վրաստանի հետ հանդիպումների ընթացքում կողմերին է ներկայացվել տարանցիկ նոր միջանցքի ստեղծման նախագիծը: «Իհարկե այս նախագիծը քննարկվում է շուրջ 8 տարի, բայց քանի որ դրանում շատ երկրներ էին ներառված, մինչև օրս չի իրագործվել և կողմերը երբեք կոնսեսուսի չեն հասել»,-ասել է Հեդայաթին:

Պաշտոնյան, ընդգծելով, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա Պարսից ծոցը կապել Սև ծովին, նշել է. «Վրաստանն ու Իրանը համաձայնագրի հիմնական կողմերն են, քանի որ Իրանը Պարսից ծոցի միջոցով հասանելիություն ունի ազատ ջրերին, իսկ Վրաստանը Սև ծովի արևելքում երկու կարևոր առևտրային նավահանգիստ ունի։ Մյուս կողմից, Վրաստանը և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու և զարգացնելու համար, ուստի մենք փորձել ենք ընդլայնել համագործակցությունը այս երկու երկրների հետ:

Ըստ այդմ՝ այս երկու երկրների հետ եռակողմ տարանցիկ միջանցքի գործարկման հարցը բանակցությունների օրակարգում ներառեցինք և երկու երկրներն էլ ողջունեցին այն: Երկու երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ որոշվել է փորձարկել երթուղին:

Բեռները Աստարայից փոխադրվելու են Ադրբեջան, որտեղից էլ վրացական նավահանգիստներ, իսկ այնտեղից էլ՝ Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ: Ջանում ենք, որ իրանական օրացույցով մինչև տարեվերջ նախագիծը փորձարկվի և ըստ ստացված արդյունքների՝ վնասի գնահատում իրականացվի և եռակողմ հանդիպման ժամանակ բեռնափոխադրումների ծախսերն ու ժամանակը կրճատող մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի այդ երթուղին Իրանի ու տարածաշրջանի այլ երկրների համար հուսալի առևտրային ճանապարհ լինի»,- հայտարարել է Հեդայաթին:


Նա հավելել է, որ այս երթուղին կարող է Արևելյան ու Հարավային Ասիան կապել Արևելյան Եվրոպային: Նա նշել է, որ երթուղին կարող է օգտագործվել նաև իրանական ապրանքների, հատկապես՝ նավթաքիմական արտադրանքի Եվրոպա տարանցման համար: «Հաշվի առնելով տարանցման զարգացման հարցում այս համաձայնագրի մասնակից երկրների լուրջ մոտեցումը, հուսով ենք, որ այս տարանցիկ երթուղին հարմար այլընտրանք կլինի ներկայումս գործող առևտրային ուղիներին, ինչպիսին է Թուրքիայի և Ռուսաստանի տարանցիկ երթուղիները»։


Անդրադառնալով նախագծի իրագործման վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը՝ Հեդայաթին նշել է, որ եթե խնդիրներ առաջանան, ապա եռակողմ համագործակցությամբ հնարավոր է դրանք վերացնել՝ հաշվի առնելով նաև Վրաստանի ու Ադրբեջանի վճռականությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: