ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցի զինվորականները մտցնում էին իրենց ձեռքերը իմ ստամոքսի վերքի մեջ, նրանք իմ աչքերի մեջ պղպեղ էին լցնում. Հայ գերիների դաժան պատմությունները VICE World News-ի անդրադարձում

Ադրբեջանցի զինվորականները մտցնում էին իրենց ձեռքերը իմ ստամոքսի վերքի մեջ, նրանք իմ աչքերի մեջ պղպեղ էին լցնում. Հայ գերիների դաժան պատմությունները VICE World News-ի անդրադարձում

VICE World News նախագիծն անդրադարձել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանական գերության մեջ հայտնված և անմարդկային կտտանքների ենթարկված հայ գերիների պատմություններին: Ինչպես VICE World News-ին պատմել է 25-ամյա Վազգենը, ով կամավորագրվել էր արցախյան պատերազմին, նա ծանր վիրավոր մոտ մեկ շաբաթ անշարժ պառկած է եղել գետնին և սնվել է միայն մոտակա խնձորենու թափված պտուղներով, երբ ադրբեջանցիները հայտնաբերել և գերևարել են իրեն:

Արցախից մինչև Բաքու ողջ ճանապարհին, չնայած իր ծանր վիճակին և վիրավորումներին, նա դաժան ծեծի է ենթարկվել: Նույնը շարունակվել է Բաքվում` մի ոստիկանական բաժանմունքից մյուսը տեղափոխվելիս:

«Ադրբեջանցի զինվորականները մտցնում էին իրենց ձեռքերը իմ ստամոքսի վերքի մեջ, նրանք իմ աչքերի մեջ պղպեղ էին լցնում, այրում ձեռքերս, ծեծում ձողերով: Ամեն նոր զինվորական խմբի ձեռքն ընկնելիս ես նորից դաժան ծեծի և կտտանքների էին ենթարկվում»,- հիշում է տղան:

Նա նաև պատմում է, որ ադրբեջանցիները ստիպել են իրեն անվայել արտահայտություններ անի Հայաստանի վարչապետի հասցեին: «Այնքան խփեցին գլխիս, մինչև ես ասացի իրենց ուզածը»,- խոստովանում է Վազգենը:

Չնայած նա արդեն վերադարձել է տուն, սակայն շարունակում է քայլել քայլակի օգնությամբ` քանզի խոշտանգման հետքերը և վիրավորումից ստացած վերքերը դեռ չեն սպաիցել:

20-ամյա Արմենը պատմում է, որ գերևարելու ժամանակ ադրբեջանցի զինվորականները մետաղյա ձողով հարվածում էին իր գլխին, իսկ ձեռքերը այնքան ամուր էին կապել, որ մինչև հիմա դրանց վրա սպիեր են մնացել: Արմենի խոսքով, բոլոր գերիներին մահակներով ծեծել են Արցախից Բաքու ողջ ճանապարհին:

Նույնը շարունակվել է ռազմական ոստիկանությունում, Արմենի խոսքերով, նրան շղթայել են ջեռուցման համակարգին: Նա այդ վիճակում մնացել է ողջ գիշեր: «Ողջ գիշեր ցավից չեմ կարողացել քնել»,- հիշում է նա:

19-ամյա Դավիթը, ով նույնպես հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ, խոստովանել է, որ ավելի լավ է մահանար, քան գերևարվեր ադրբեջանցիների կողմից: Նա ասել է, որ իր կամավորական ջոկատից միայն ինքն էր կենդանի մնացել և գերի ընկել: Նա նշել է, որ ականատես է դառել այն բանի, թե ինչպես է կամավորներից մեկը կրակել իր գլխին, երբ տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում:

Չնայած նրան, որ սկզբում ադրբեջանցիները Դավիթին ջուր են տվել ու վիրակապել նրա վերքերը, սակայն հետո կապել են ձեռքերը ու սկսել դաժանորեն ծեծել: Ապա նրան տեղափոխել են հոսպիտալ, որտեղ հաց ու ջուր են տվել և տարել ռազմական ոստիկանություն: Ըստ նրա, այնտեղ իրեն ստիպել են «խոստովանել», որ հայկական կողմը քուրդ զինյալներ է վարձակալել Արցախում կռվելու համար:

«Դա ճիշտ չէր, բայց ես ալլընտրանք չունեի: Սենյակում էլեկտրաշոկեր և կտտանքի այլ գործիքներ կային, և իրենք ինձ ասացին, որ մինչև մահ կծեծեն, եթե իրենց ուզածը չասեմ»,- խոստովանում է տղան` հավելելով, որ ադրբեջանցիները կոտրեցին իր ակնոցները: «Անգամ, երբ «Կարմիր Խաչի» աշխատակիցները ինձ նոր ակնոց բերեցին, ադրբեջանցիները դրանք նորից կոտրեցին»,- շարունակում է տղան:

Նախագիծը հիշեցնում է նաև համացանցում հայտնված տեսագրությունների մասին, որտեղ տեսախցիկների առջև ադրբեջանցիները բառացիորեն սպանդի էին ենթարկում հայ գերիներին: «Այդ տեսագրությունները տեսել են նաև այդ երիտասարդների հարազատները», - նշվում է հոդվածում:

Հոդվածագիրը նաև հավելում է, որ տարբեր տվյալներով այսօր ադրբեջանական գերության մեջ 60-220 հայ է պահվում: «Հայկական իշխանությունները հավաստում են, որ գերիներից շատերը ուղղակի սպանվել են»,- եզրափակում է հոդվածագիրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: