ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
424 թուրք մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

424 թուրք մտավորականներ կոչ են արել կառավարությանը բացահայտել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը

Թուրքիայի 424 մտավորականներ ստորագրել են հայտարարության տակ, որով կոչ է արվում բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագիրը։ Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ 424 գրողներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և կոչ արել կառավարությանը, քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային քայլեր ձեռնարկել խորքային պետության և մաֆիոզ ուժերի դեմ ու բացահայտել Կարո Փայլանի դեմ 2016-ին նախապատրաստված և կիսատ մնացած մահափորձի ծրագիրը։

«Այն, ինչ ամրապնդում է այս մութ ուժերի անխոհեմությունը, նրանց վստահությունն է, որ նրանք չեն ենթարկվելու քրեական պատժամիջոցների, նույնիսկ եթե կարող են սպառնալ բոլորին: Այս վստահությունն ուժ է ստանում ներկայիս քաղաքական մթնոլորտից: Այս մթնոլորտը պետք է անհապաղ փոխվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Օրեր առաջ Կարո Փայլանի փաստաբանը գրառում էր արել, որ Կարո Փայլանին սպանելու համար 2016-ին որոշ շրջանակներ զենք են մտցրել Թուրքիայի խորհրդարան, սակայն մեկ այլ խմբավորում խափանել է այդ ծրագիրը։

  • Կիսվել: