ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԶՊՄԿ-ն որոշ ժամանակ անց կունենա ոչ միայն հանրապետական, այլև միջազգային նշանակություն․գլխավոր տնօրեն

ԶՊՄԿ-ն որոշ ժամանակ անց կունենա ոչ միայն հանրապետական, այլև միջազգային նշանակություն․գլխավոր տնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի տնտեսության մեջ արժանիորեն համարվում է թիվ մեկ կազմակերպությունը։ Այն ճանապարհը, որ անցել է ձեռնարկությունը 1949 թվականից ի վեր, իսկապես արժանի է հարգանքի, քանի որ դա, ըստ էության, հաջողությունների ու նվաճումների բացառիկ ճանապարհ է։ Համեմատության համար պետք է նշել, որ օրինակ 1952 թվականին կոմբինատը թողարկել է ընդամենը 215 հազար տոննայի չափով արտադրանք, մինչդեռ այսօր այդ ծավալը հնարավոր է ապահովել մոտ չորս օրվա ընթացքում։ Ներկայումս ԶՊՄԿ-ն տարեկան արդյունահանում է 22 միլիոն տոննա, և դա դեռ սահմանը չէ։ 

Այս կարծիքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։ 

Նրա հավաստմամբ՝ կոմբինատի ղեկավարությունը լրջորեն մտածում է պղնաձամոլիբդենի արդյունահանման ծավալներն ընդլայնելու մասին, քանի որ կառավարության հետ կա փոխգործակցության ռազմավարական ծրագիր, ինչը յուրատեսակ ուղենիշ է։ Կոմբինատի ղեկավարությունն ունի մտադրություն և վստահություն, որ ԶՊՄԿ-ն որոշ ժամանակ անց կունենա ոչ միայն հանրապետական, այլև միջազգային նշանակություն։

Խոսելով Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին՝ Խուդոլին նշեց, որ այդ ծրագիրն իրականացնելու և արդյունավետորեն աշխատանք ապահովելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ում լինի առնվազն պղնձի 100-150 հազար տոննա արդյունահանում։ 24 տոկոսի ցուցանիշ ապահովելու համար կարելի է ենթադրել, թե որքան կոնցենտրատներ պետք է լինեն։ 

«Այդ նպատակին հասնելու համար նախ պետք է ընդլայնվի ԶՊՄԿ-ի գործունեությունը, այնուհետև ավելանա Ագարակում գործող կոմբինատի հզորությունը, ինչպես նաև աշխուժորեն աշխատեն ոլորտում ներգրավված պղնձամոլիբդենային արդյունահանմամբ զբաղվող մյուս ձեռնարկությունները։ Դա առաջին փուլն է, իսկ երկրորդն ընդգրկում է արդեն ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված ռազմավարությունը, որի առանցքում պղնձաձուլարանի կառուցումն է»,- ասաց ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը։ 

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման և սերտ համագործակցության նպատակով ընտրվել են կազմակերպություններ, որոնք տվյալ ոլորտում ունեն աշխատանքային մեծ փորձ։ Պղնձաձուլարանի կառուցման ժամկետների մասին դեռ վաղ է որևէ հստակ բան ասել, սական ԶՄՊԿ-ն խնդրին մոտենում է պրոֆեսիոնալիզմով՝ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն ծավալելու հաստատակամությամբ։ 

«Մեր ռազմավարությունը ներառում է նաև պոչամբարների խնդիրը, որը դիտարկվում է համալիր հիմնահարցերի համատեքստում։ Աշխատանքային ծավալների մեծացումը ենթադրում է ոչ միայն արտադրողականության խթանում, այլև նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառում։ Միայն նախորդ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն ձեռք է բերել 16 նոր բեռնատարներ՝ 90 տոննա տարողությամբ, հինգ էքսկավատորներ, գործարկվել է մասնատման աշխատանքներ իրականացնող նոր բաժանմունք։ Գործունեությունն ավելի մեծ թափով շարունակելու համար անհրաժեշտ են նոր ջրամբարներ ու պոչամբարներ, որովհետև ամբողջ ենթակառուցվածքները կապված են դրանց առկայության հետ։ Մեր հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսում ենք հարակից տարածքում կառուցել նոր էլեկտրակայան՝ 220 մեգավատ հզորությամբ, ինչպես նաև նոր ենթակայաններ։ Այնպես որ խնդիրները փոխկապակցված են և պետք է դրանց համար գտնել համալիր լուծումներ»,- նշեց Խուդոլին։ 

Գլխավոր տնօրենի խոսքով՝ չափազանց կարևոր են նաև անվտանգության հետ կապված հարցերը։ Նրա հավաստմամբ՝ ԶՊՄԿ-ն աշխատում է ամենաբարձր չափանիշներով։ Կոմբինատի տնօրինությունն այդ առումով գիտակցում է իր պատասխանատվության աստիճանը, հետևաբար անվտանգ գործունեության համար արվում է առավելագույնը։ 

«Ունենք զգալի պահուստներ, սակայն չենք բավարարվում ձեռք բերածով, քանի որ մեր փորձագիտական կարծիքի համաձայն՝ նույնիսկ այն պաշարները, որոնք մեր տնօրինության ներքո են, հնարավոր է կրկնապատկել։ Նույնիսկ առանց հետազոտության կարելի է ասել, որ Ագարակում պղնձամոլիբդենի պաշարները կբավարարեն մոտ 60 տարի»,- եզրափակեց ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը։    

  • Կիսվել: