ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զեկույցում նշված չէ, որ թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում. Ռևազյան

Զեկույցում նշված չէ, որ թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում. Ռևազյան

Վերջին շրջանում կոմիտեի մասին շրջանառվում են սխալ տվյալներ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն՝  անդրադառնալով րձավ վերջին շրջանում ամենաշատը քննարկվեղ թեմային՝ ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության զեկույցին։

«Իրականում, այն զեկույցը, որը պատրաստել է Եվրոպական միությունը մեր մասին, որևէ ձևով նշված չէ, որ թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Կոնկրետ թերություներ են նշում, որ նկատել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 2-7-ը»,- ընդգծեց նա։

Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝  կարող են հրապարակել զեկույցից հատված, որում ասվում է՝  նոր ղեկավար կազմը ընդհանրապես կապ չունի այս խնդիրների և իրավիճակի հետ, որ կա մեր երկրի ավիացիոն ոլորտում։

Քաղավիցիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանն էլ ներկայացրեց, թե ինչ են իրենցից ներկայացնում երրորդ երկրի շահագործողի վկայական, աուդիտ ու այցելություն տերմինները ոլորտում։

«Համաձայն ԵՄ կարգավորումների՝ ավիաընկերությունները, որոնք ցանկանում են դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել, պետք է ստանան երրորդ երկրի շահագործողի վկայական, համապատասխան ստուգումներ անցնեն, դա կարող է լինել թղթային և  անհրաժեշտության դեպքում՝ այցելության միջոցով։  ՀՀ թռչող բոլոր օդանավ շահագործողները ենթարկվում են նման աուդիտի հենց թռիչքի վայրէջքից հետո։ Այդ ամբողջ տեղեկատվությունը տեղադրվում է մի հարթակում, որում մուտք ունեն Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը»,- ասաց Գալուստ Պողոսյանը։

Ինչ վերաբերում է թերություններին, նախագի տեղակալն ասաց, որ դրանք բազմաբնույթ են։

«Օրինակ՝ մենք պարտավոր էինք և պետք է ներդնեինք զեկույցների համակարգ։ Իրականում դա ներդրված չի եղել, և կարելի է ասել՝ սա թերություն է և միանշանակ պետք է շտկվի։ Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, մինչդեռ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրադրության ժամանակ և խորը ուսումնասիրություն իրականացվի այդ զեկույցների վերաբերյալ»,- ասաց նա։

Երկրորդ թերությունը, ըստ նրա, հետևյալն է. կա պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք հաշվարկ, որ կոմիտեն հասկանա՝ ինչ ծավալի աշխատանք ունի, սա հիմնականում վերաբերում է տեսուչներին, և որ պարզ լինի, թե ինչ քանակությամբ մասնագետներ են պետք:

Նրա խոսքով՝ աշխատանքները մեծ մասամբ արվել են, սակայն եղել են դեպքեր, որ դրանք չեն արձանագրվել, ինչն էլ մտահոգություն է առաջացրել Եվրոպական կառույցների մոտ։

Տաթևիկ Ռևազյանն էլ նշեց՝ իրենց հարց են տալիս, թե որքա՞ն արագ կարող են լուծել այս խնդիրները. «Իրականում մտածելակերպի հարց է։ Պետք է աշխատակիցները հասկանան, որ ճիշտ է՝ հարցը կարող է լուծվել հեռախոսի կապով, անձնական միջոցով և այլն, բայց այստեղ կարևոր է այդ ամեն ինչն արձանագրել։ Մենք պետք է մեր ամբողջ պատմությունը Քաղավիացիայի կոմիտեում ունենալ, պետք է ամբողջը հավաքագրել, աշխատե են միասին, բայց մեկ հարթակում չի եղել»։



  • Կիսվել: