ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին հինգ տարում շուրջ 40 տոկոսով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը

Վերջին հինգ տարում շուրջ 40 տոկոսով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը

Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: ՄԱԿ-ն այն առաջին անգամ նշել է 1994 թվականին: Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու ընտանիքների բարեկեցության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված ծրագրերին, առկա մարտահրավերներին: Հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը նշեց, որ այս տարվա թեման է «Աշխարհում ժողովրդագրական գործոնների ազդեցությունն ընտանիքիների վրա»:

«Այս ազդեցությանը պետք է մի քանի կետով անդարադառնալ: Նախ ծնելիությունը, որն ամբողջ աշխարհում անկում է ապրում: Աշխարհի բնակչության 2/3-րդն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ ծնելիության գործակիցը պարզ վերարտադրողական ցուցանիշից՝ 2.1-ից, ցածր է»,-ասաց Մհեր Մանուկյանը:

Խոսելով հայաստանյան միտումներից՝ Մհեր Մանուկյանը նշեց, որ շատ ընտանիքներ ցանկանում են 3 և ավելի երեխաներ ունենալ, բայց իրականում 1-ը կամ 2-ն են ունենում տարբեր խոչընդոտների պատճառով: Նախընտրելի է, որ անհրաժեշտ պայմանները բարելավվեն, որ ընտանիքներում ծնվեն երեք և ավելի երեխաներ: Եվ դա չպետք է լինի միայն յուրաքանաչյուր երեխային գումար հատկացնելով: Երկարաժամկետ հեռանկարի համար նախընտրելի է համալիր մոտեցում:

Պետության կողմից երեխաների ծննդյան կապակցությամբ մի շարք աջակցման ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ընտանիքներին: Մինչև երեխայի ծնվելը պետությունը վճարում է մայրության նպաստ ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող մայրիկներին: Երեխայի ծնվելու դեպքում ևս սահմանվում է նպաստ: Առաջին և երկրորդ երեխայի դեպքում վճարվում է 300 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում 1 մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում 1.5 մլն դրամ: Հաջորդ փուլում նախատեսված է երեխայի խնամքի նպաստ մինչև երեխայի 2 տարին լրանալը: Որքանո՞վ են այս ծրագրերն իրենց ազդեցությունը թողնում ծնելիության վրա:

«Ոչ մի առանձին ծրագիր չի կարող ազդեցություն ունենալ այնպիսի բազմագործոն երևույթի վրա, ինչպիսին ծնելիությունն է: Այստեղ համալիր մոտեցում է անհրաժեշտ: Այդուհանդերձ, վերջին տարիներին կայունացել է ծնելիության նվազման միտումը: Դա դրական կարող ենք համարել: Կարծում եմ, որ հաջորդ միջոցառումների փունջն արդեն պետք է ուղղված լինի այդ ցուցանիշն ավելացնելուն»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իսկապես նկատելի է, որ  3-ից  ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվն ավելացել է: Վերջին հինգ տարում շուրջ 40 տոկոսով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը: 

  • Կիսվել: