Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտված է․ ընթացքի մեջ են նոր ջրամբարների կառուցումները
ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշեց 650 միլիոն դրամի ֆինանսավորում հատկացնել Վեդու ջրամբարի կառուցման միջոցառմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադառնալով «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում միջոցառման շրջանակներում ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ» հարցին՝ մանրամասնեց, որ խոսքը 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցում միջոցառմանը 650 միլիոն դրամ ֆինանսավորում հատկացնելու մասին է։
Նախարարը նշեց, որ այս գումարից շուրջ 468 միլիոն դրամը վճարվելու է կապալառուին՝ որպես հետավարտական երաշխիքի բացթողում, իսկ 117 միլիոնը կվճարվի խորհրդատուի ծառայության դիմաց։
«Սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է և ոչինչ դրանից ավել»,- ընդգծեց Դավիթ Խուդաթյանը։
Նա տեղեկացրեց, որ ջրամբարի շինարարությունն ավարտված է՝ 30 մլն խորանարդ մետր ծավալի տարողությունից արդեն ջրալցվել է շուրջ 12․5 միլիոն խորանարդ մետրը։ Փորձարկվել են ջրալցման, ջրաթափման և վթարային ջրաթափման համակարգերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է իրականացվել նման ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ջրամբարը ներկայում ամբողջությամբ չի ջրալցվում ոչ թե դրա անհնարին լինելու, այլ այն պատճառով, որ ոռոգման եռուն շրջանում ջուրն ուղղվում է գյուղատնտեսական նպատակներով օգտագործմանը։ 2027 թվականի ընթացքում ջրամբարի ջրալցման մակարդակը նախատեսվում է հասցնել 20 մլն խորանարդ մետրի, իսկ նույն տարվա վերջին՝ ամբողջական 30 մլն խորանարդ մետրի։
Զուգահեռաբար, ավելի վերին հատված կտեղափոխվի դեպի արոտավայր տանող մերձակա ճանապարհը՝ տեղի բնակիչների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ մեկնարկել է երեք նոր ջրամբարներ կառուցելու գործընթացը՝ Քասախի (10 մլն խորանարդ մետր), Սյունիքի մարզի Լիճքի (4 մլն խորանարդ մետր) և Ելփինի (1 մլն խորանարդ մետր), որոնց նախագծերն արդեն պատրաստ են։
«Դիմել ենք ֆինանսավորող կազմակերպությանը՝ ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու համար։ Մինչև այս տարեվերջ պետք է սկսենք կառուցումը։ Կհայտարարենք մրցույթ՝ կառուցող կազմակերպություն ընտրելու համար»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նրա՝ նույն ծրագրով համագործակցության շրջանակում Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի հետ համաձայնեցված է ևս երկու կառույցի՝ Արթիկի և Աստղաձորի՝ 1․5 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարների կառուցման հարցը։
Նաև Մաստարայի ջրամբարի ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցվում է դրա իրականացման ընթացքը։
Եվս 12 ջրամբարների շինարարության վերաբերյալ իրականացվում են աշխատանքներ՝ շուտով կստացվեն եզրակացությունները և կքննարկի ներդրումների ապահովման հարցը։



