երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վայք գոլդ»-ը մտադիր է փակ եղանակով շահագործել Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը

«Վայք գոլդ»-ը մտադիր է փակ եղանակով շահագործել Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը

«Վայք գոլդ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Այս մասին գրում է ecolur.org-ը։ 

Հայտի հանրային լսումները (երկրորդ փուլ) տեղի կունենա հուլիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական շենքում:

Ըստ հայտի՝ Ազատեկի ոսկի բազմամետաղ հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում, Վայք քաղաքից մոտ 3.4 կմ հեռավորության վրա: Ընկերությունը չի պլանավորում և նախագծով չի նախատեսելու իրականացնել հանքաքարի արդյունահանում Վայք քաղաքում: Ըստ նախագծային պլանների ընդերքօգտագործում իրականացվելու է Ազատեկ և Զառիթափ համայնքներում: Հանքավայրի տարածքը գտնվում է մինչև 8-9 բալանոց սեյսմիկ գոտում:

Նախատեսվում է հանքը շահագործել փակ եղանակով և տարեկան արդյունահանել 300 հազար տոննա հանքաքար 16.8 տարի ժամկետով:

2011թ-ին լույս տեսած երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» աշխատության մեջ նշված է, որ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում արդյունաբերական C1 և Cկատեգորիաներով գնահատված օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարներն են՝ ոսկի՝ 17481,3 կգ, արծաթ՝ 393,6 տ, պղինձ՝13,2 հազ. տ, ծարիր՝ 5,0 հազ. տ, կապար՝ 37,2 հազ. տ, ցինկ՝ 18,8 հազ. տ: Այս հանքավայրում հայտնաբերվել են նաև սելեն՝ 48,3 տ, տելլուր՝10,7 տ, բիսմուտ՝ 234,8 տ, կադմիում՝ 97,7 տ, գալիում՝ 111,7 տ, մկնդեղ՝ 24,3 տ, ծծումբ՝ 356,6 հազ. տ:

Ըստ հայտի՝  գրավիտացիա+ֆլոտացիա սխեմայով է նախատեսվում հանքաքարից մետաղների կորզումը: «Մշակված տեխնոլոգիական սխեման ապահովում է ազնիվ մետաղների բարձր կորզում, սակայն, միևնույն ժամանակ կորսվում են մկնդեղը, ծարիրը: Նշված մետաղների կորզման համար անհրաժեշտ է մշակել համապատասխան տեխնոլոգիական սխեմա»,- նշված է հայտում:

Արդյունահանված հանքաքարը նախատեսվում է տեղակայել հարստացման ֆաբրիկայի մոտ նախատեսվող ժամանակավոր պահեստում: Սակայն թե որտեղ է գտնվելու հարստացման ֆաբրիկան, արդյոք կառուցվելու է, թե հանքաքարը տեղափոխվելու է գործող որևէ ֆաբրիկա, հայտում նշված չէ: Հանքավայրի տարածքում դատարկ ապարների մշտական պահեստարան չի լինելու, դրանք պահվելու են կարճ ժամանակով մինչ հետ լիցք իրականացնելը, իսկ հանքավայրի շահագործման ավարտին դատարկ ապարի պահեստի տեղում լցակույտ չի լինելու: 

Ջրի ծախսի մասով հայտում նշված է. «Օբյեկտի արտադրական ջրամատակարարումը կարող է իրականացվել Արփա գետի ողողահունում նախատեսվող մեծ տրամագծի ջրաերկրաբանական ջրհորներից՝ 45-60 մ3/ժամ արտադրողականությամբ 3-5 հորատանցքերով: Խմելու ջուրը նախատեսվում է ապահովել Վայք քաղաքի ջրային ցանցից, իսկ խմելու ջրի լրացուցիչ ծավալներ կարելի է ստանալ Արփա գետի Աջափնյա բազալտների տակից՝ 30 մ3/ժամ քանակով …. հանքարանային ջրերի Արփա գետ ներթափանցման դեպքում քիմիական կազմի փոփոխություն կարող է կատարվել միայն սուլֆատ-իոնի կորզման առումով՝ հանքարանային ջրերում մինչև դրա սահմանային արժեքները, այսինքն՝ մինչև 20.6 տոկոսային համարժեք»:

Կարմիրգրյան տեսակներին նախատեսվում է անդրադարձ կատարել հիմնական գնահատման հաշվետվությունում:

Նախատեսվում են մշտադիտարկումների միջոցառումներ, մասնավորապես՝ մակերևութային ջրերի, Արփա գետի, օդի, հողի նմուշառումների իրականացում: Հանքի փակման փուլում մշտադիտարկման աշխատանքները կկատարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մշտադիտարկման պարամետրերը չկայունանան, սակայն ոչ պակաս, քան հանքի փակումից հետո հետագա 5 տարիների ընթացքում:

«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել սոցիալական ծրագրեր և մասնակցել ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների իրականացմանը:

Ընկերությունը կունենա 61 աշխատող հանքում և 207-ը՝ հանքարանում, իսկ աշխատատեղերի լրացման ժամանակ առաջնահերթությունը կտրվի տեղի բնակիչներին: 

Հիշեցնենք, որ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվությունը ստացել էր 2012-2037թթ. ժամկետով: Սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  2019թ-ի դեկտեմբերի 12-ի 711-Ա հրամանով ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Ներկայում ընկերությունը հանքավայրի նկատմամբ իր իրավունքը փորձում է վերականգնել դատական կարգով՝ նախարարի հրամանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում, իսկ հերթական նիստը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 31-ին:

2021թ. մայիսի 24-ին Վայք համայնքի ավագանու որոշմամբ Վայք համայնքի մոտ 50 հա տարածք 3 տարի ժամկետով վարձակալության է տրվել «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: