չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետը հանձնարարեց աշխատանքներ սկսել արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ

Վարչապետը հանձնարարեց աշխատանքներ սկսել արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց  Կառավարության անդամներին աշխատանքներ սկսել Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։

Վարչապետն այս հանձնարարականը տվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Ուզում եմ խնդիր դնել, որ հենց այս պահից սկսենք աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով խնդիր եմ առաջադրում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այդ երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով։ Իհարկե, սպայական ավագ դպրոցի պարագայում պետք է շատ սերտ գործակցություն լինի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և այն կառույցների հետ, որոնք իրենց ծառայության մեջ ունեն սպայական ծառայության բաղադրիչը։

Պետք է առանձնահատուկ կրթական ծրագրեր ներդնենք այս երկու ավագ դպրոցներում։ Նախորդ փուլերում ինչ-որ աշխատանքներ այս ուղղությամբ արվել են, պետք է ուղղակի ամփոփվեն։ Եվ նաև Քաղաքաշինության կոմիտեին եմ խնդիր առաջադրում՝  սկսել նախագծման աշխատանքները, որոնք շատ սերտ կապի մեջ կլինեն բովանդակայնության հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդիր եմ առաջադրում, որ տեղորոշենք, թե որտեղ են ստեղծվելու այդ դպրոցները։ Երբ ասում եմ դպրոց ստեղծել, նկատի ունեմ ստեղծել զրոյից, այսինքն` բացառում եմ որևէ գոյություն ունեցող շենքերում այդ հաստատությունների տեղակայումը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ավագ դպրոցները պետք է արդիական կրթական ծրագրեր, արդիական նորակառույց ենթակառուցվածք ունենան և հագեցած լինեն ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։

  • Կիսվել: