ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչական շրջաններ, ի՞նչ ա կատարվում, խնդիր կա՞. չեք աշխատում, ասեք` չենք աշխատում. Հրաչյա Սարգսյան

Վարչական շրջաններ, ի՞նչ ա կատարվում, խնդիր կա՞. չեք աշխատում, ասեք` չենք աշխատում. Հրաչյա Սարգսյան

Հաշվետու ժամանակահատվածում 4-րդ աստիճանի ռիսկայնության շենքերի մասով Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից ընդհանուր թվով 903 օբյեկտներից ծանուցում է բաժանվել 559-ին: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սևան Ասատրյանը:

Նա զեկուցեց, որ ըստ վարչական շրջանների 2-րդ և 3-րդ կարգի ռիսկայնության շենքերն էլեկտրոնային բազայում ներառելու համար Աջափնյակ վարչական շրջանի 1027 օբյեկտից 52-ի մասով է ծանուցում ուղարկվել, Մալաթիա Սեբաստիա շրջանի 1014 օբյեկտից՝  20-ի, Կենտրոնում՝ 849 օբյեկտից 11-ի մասով, Էրեբունիում՝ 839 օբյեկտից 36-ի, Արաբկիրում՝ 834,-ից 66 -ի, Շենգավիթում՝ 809-ից 103-ի, Դավթաշենում՝ 567-ից 18-ի դեպքով, Նոր Նորքում՝ 565-ից 42 օբյեկտի մասով, Քանաքեռ Զեյթունում՝ 497-ից 66-ի մասով, Ավանում՝ 357-ից 49-ի դեպքում, Նորք Մարաշում՝ 254-ից 27 -ի և Նուբարաշենում ՝137-ից 13-ի մասով ծանուցվել են:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Սեւան Ասատրյանից ճշտեց, թե արդյոք ծանուցումները ստանալիս ստորագրել են և պատասխանել, որ ծանուցված են:

Սևան Ասատրյանը հայտնեց, որ պատասխանները լիարժեք չեն եղել՝ մի մասը միայն թվեր են տրամադրել, կամ ցանկեր են ներկայացրել, բայց կարևորն այն է, որ այդ ամենը պետք է լուսանկարվի և ներբեռնվի «Լոկատոր» համակարգում:

«Վարչական շրջաններ, ի՞նչ է կատարվում: Կարծում եմ նույն եկամուտների պատմությունն է: Հիմա, որ հարցնեմ, թե ձեր ստորաբաժանման ենթակայության տակ քանի աշխատող կա, վստահաբար՝ ավելի շատ կլինեն, քան Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում է: Եթե չեք անելու ասեք իմանանք, որ էլ իմաստ չկա:

Վարչական շրջաննե՛ր, խնդի՞ր կա, ի՞նչ խնդիր կա: Բարձրաձայնե՛ք հասկանանք»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը և, պատասխան չստանալով առաջարկեց առաջ անցնել:

  • Կիսվել: