հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համաժողովին

Վահան Քերոբյանը Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համաժողովին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 18-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում մասնակցել է «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված երրորդ համաժողովին։

Համաժողովի շրջանակում նախարարը ելույթով հանդես է եկել ենթաազգային համագործակցության վերաբերյալ «Խելացի քաղաք և քաղաքային կառավարում» թեմայով ֆորումին։ Իր խոսքում նախարարն ընդգծել է խելացի տեխնոլոգիաների կիրառման կարևորությունն ու առավելությունները։

«Հայաստանի համար առավել քան կարևոր է քաղաքային կառավարման արդյունավետ մոդելի ընտրությունը, և այս համատեքստում ՀՀ կառավարությունը որդեգրել է քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում խելացի տեխնոլոգիաների կիրառման քաղաքականություն», – նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է խելացի բաղադրիչով ծրագրեր մշակել և իրականացնել, մասնավորապես՝ էներգետիկայի, ճանապարհաշինության, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, քաղաքացիների անվտանգության ապահովման, կրթության և այլ ոլորտներում։

  • Կիսվել: