ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թվային փոխակերպումներից հետ մնացող ոլորտներից մեկն առողջապահությունն է. Քրիս Սքիներ

Թվային փոխակերպումներից հետ մնացող ոլորտներից մեկն առողջապահությունն է. Քրիս Սքիներ

Որոշ ոլորտներ արդեն թվային փոխակերպման են անցել օրինակ, մանրածախ առևտուրը, սակայն որոշ ոլորտներ էլ հետ են մնում այդ գործընթացից, դրանցից մեկն առողջապահության ոլորտն է, այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում Doing Digital ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են այն ոլորտները, որոնք ավելի շատ ունեն թվային փոխակերպումների կարիքը:

«Տրանսպորտային ոլորտում նույնպես թվային փոխակերպումները տեղի են ունենում՝ ավիաուղիները, գնացքները, ինքնավար մեքենաները, նրանք թվային փոխակերպումներն ընդունում են: Ոլորտներից մեկը, որ հետ է մնում թվային փոխակերպումներից, առողջապահությունն է: Ես ավելի շատ նկատի ունեմ հանրային, պետական կլինիկաները, որովհետև երբ խոսում եմ բժիշկների, հանրային առողջապահության մասնագետների հետ, իմ անձնական տպավորությունն այն է, որ նրանք հետ են մնում այս փոխակերպումներից»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է տեսնում թվային փոխակերպման դերը մարզերում, Քրիս Սքիները պատասխանեց. «Ես չեմ հավակնում Հայաստանի փորձագետ լինելու: Ես իմ զեկույցում ներկայացրի հոլանդական մի բանկի օրինակ, որն իր տեխնոլոգիական հնարավորություններով հենց ֆերմերների հետ դաշտային մակարդակում կապ է ապահովում: Այսինքն՝ իրական ժամանակով բանկերը կարող են հետևել իրենց հաճախորդ ֆերմերներին, թե դաշտում ինչ է տեղի ունենում, արդյո՞ք բավարար պարարտանյութ տրվում է, արդյո՞ք փոշիացումը կատարվում է, արդյո՞ք բերքատվությունը պատշաճ մակարդակի է: Այսինքն՝ իրական ժամանակում կենտրոնական մասնաճյուղից կարող են հետևել, թե իրենց հաճախորդ ֆերմերի դաշտում ինչ է տեղի ունենում»,- նշեց նա:

Քրիս Սքիների խոսքով՝ դա այնքան էլ մեծ ֆինանսներ չի պահանջում, որովհետև տեխնոլոգիաները մեր ժամանակներում շատ էժան են:« Իրենցից պահանջվում է միայն նանոչիպեր, որ պետք է տեղադրեն ու հետևեն դրան: Այս ոլորտի բոլոր ընկերությունները կարող են իրենց նախագծերն սկսել ընդամենը մի քանի հազար դոլարով: Համաձայնեք, որ դա այնքան էլ մեծ բյուջե չէ»,- ընդգծեց նա:

Որպես օրինակ Սքիները պատմեց, որ երբ մի քանի ամիս առաջ բաց էր թողել Ֆրանսիայից Անգլիա մեկնող գնացքը, մի քանի հպումով կարողացել է հյուրանոց ամրագրել հենց տեղում․ «Հիմա ծառայությունների բազմաթիվ ոլորտներ կան, որ թվայնացված են, և դուք կարող եք հեշտությամբ այդ ծառայություններից օգտվել: Դա ուղղված է ձեր կյանքը հեշտացնելուն: Բայց այստեղ երկու խնդիր կա, եթե դուք չունեք 4G կամ 5G ինտերնետ, ապա ձեր կյանքը ավելի նյարդային է դառնալու: Մյուս մարտահրավերը տարբեր ծառայությունների ինտեգրումն է: Օրինակ՝ վերջերս ես պետք է ինչ-որ հավելվածի միջոցով կապվեի իմ բանկի հետ և վճարում կատարեի: Ես ստիպված էի երեք անգամ դա փորձել, ինչը նյարդայնացնող է: Երրորդը, պետք է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել թվային ծառայությունների մեջ, այսինքն՝ եթե բոլորը ներգրավված չեն դրա մեջ, ապա այդ ծառայությունների օգտակարությունը պակասում է»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Քրիս Սքիները Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակն է, նա այսօր տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում: Քրիս Սքիները նաև The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital Human», «Digital Bank», «The Future of Banking», «ValueWeb»:

Սքիները որպես գլխավոր խոսնակ է հանդես գալիս ֆինթեքի առաջատար միջազգային համաժողովների ու միջոցառումների ժամանակ, ներկայացնում իր մոտեցումները ոլորտի վերջին զարգացումների և թվային փոխակերպումների ապագայի վերաբերյալ: Doing Digital ֆորումը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի նաև ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, SPRING PR ու «Ամերիաբանկ» ընկերություններից։

Doing Digital ֆորումի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital ֆորումը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, ինֆորմացիոն գործընկերը՝ NEWS.am Tech-ը:

  • Կիսվել: