շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տնտեսական ճգնաժամի մեղմման համար Հայաստանի պետական պարտքի չափը կփոփոխվի, ինչը անխուսափելի է․ Ֆինանսների նախարար

Տնտեսական ճգնաժամի մեղմման համար Հայաստանի պետական պարտքի չափը կփոփոխվի, ինչը անխուսափելի է․ Ֆինանսների նախարար

Կորոնավիրուսի համավարակից բխող բացասական զարգացումներին արձագանքելու համար Հայաստանը պետք է նոր պարտք ներգրավի, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Կառավարությունը տեղի ունեցածի հետևանքով կանխատեսում է հարկային եկամուտների կտրուկ անկում և պետական բյուջերի դեֆիցիտի շեշտակի ավելացում:

«Առաջարկված նախագծով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում, որի ֆինանսավորման համար դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ վարկային միջոցների ներգրավումը միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, անհրաժեշտության դեպքում՝ Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից և մնացած բոլոր մեր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկայից պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով», - ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նախարարի, ստեղծված իրավիճակում պարտքի չափի փոփոխությունը անխուսափելի է՝ թե’ բացարձակ, թե’ հարաբերական իմաստով:

«Իրավիճակն է այդպիսին: Ըստ այդմ՝ Ազգային ժողովին առաջարկվելու է, որպեսզի կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեք արձագանքելու համար ծագող իրավիճակներին, սակայն ունենալ նաև որոշակի սահմանափակումներ, որը տվյալ դեպքում պետական բյուջեի պակասուրդի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը», - ասաց նախարարը։

Նա հիշեցրեց՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019 թվականի դեկտեմբերին կազմել է 7մլրդ 324 մլն դոլար, որից կառավարության մասնաբաժինը 6,8 մլրդ դոլար է: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ մոտ 50 տոկոս է:

«Այս ցուցանիշներով Հայաստանը դասակարգվում է ցածր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում։ Սա մեզ հնարավորություն է տվել ձևավորել այն ֆիսկալ տարածքը, որով Հայաստանի կառավարությունն արձագանքել է ճգնաժամի հետևանքներին», - ասաց Ջաջուղազյանը:

  • Կիսվել: