շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՏՄՊՊՀ-ն 2019 թ-ին գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով հարուցել է 20 վարույթ. Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ-ն 2019 թ-ին գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով հարուցել է 20 վարույթ. Գեղամ Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար 2019 թվականը անցումային տարի էր։ Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ  ՏՄՊՊՀ-ի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով  Հանձնաժողովի 2019թ. հաշվետվությունը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ձևավորվել է ՏՄՊՊՀ-ի նոր կազմը, փոխվել է կարգավիճակը։

«Սահմանադրական փոփոխություններից հետո Հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, իր յոթ անդամով առաջին անգամ ընտրվեց ԱԺ-ի կողմից և նոր կարգավիճակով գործունեությունը սկսեց  2019 թ-ին։ Որպես հանձնաժողովի նախագահ, իմ առջև դրված առաջին խնդիրն այն էր, որ բարձրացնեինք հանրության  վստահությունը հանձնաժողովի նկատմամբ»,- ասաց նա։

Ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ, Գեղամ Գևորգյանը նշեց, որ հակամրցակցային համաձայնությունների մասով 2017-2018 թթ-ին վարույթներ չեն հարուցվել, իսկ  2019թ-ին հարուցվել է երկու վարույթ։ Նշենք, որ հակամրցակցային համաձայնությունները մրցակցության ոլորտում համարվում են առավել ծանր խախտումներ։

Ինչ վերաբերում է գերիշխող դիրքի չարաշահմանը, ապա 2017 թ-ին ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման փաստի հիմքով հարուցել է 5 վարույթ, 2018 թ-ին՝ 3  վարույթ, 2019 թ-ին՝ 20 վարույթ։ Համակենտրոնացումների հայտարարագրման մասով էլ 2017 հարուցվել է 43, 2018թ-ին՝ 25, 2019թ-ին՝ 30 վարույթ: Չհայտարարագրված համակենտրոնացումներն էլ համապատասխանաբար եղել են 23, 7 և 8։ 

Առավել տարածված մրցակցային խախտումները մեր երկրում անբարեխիղճ մրցակցության գործողություններն են։ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ 2019 թ-ին արձանագրվել է անբարեխիղճ մրցակցության  57 դեպք, 2018 թ-ին՝ 35 դեպք, 2017թ-ին՝ 55 դեպք։

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ հանձնաժողովը սկսել է պատասխանատվության միջոցներ կիրառել և գործողություններ իրականացնել նաև պետական մարմինների նկատմամբ։ «Նախորդ տարի հարցուցվել է 6 վարույթ։ Սա շատ կարևոր է, քանի որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտում պարունակող գործողությունների դեմ»,- ասաց նա։  

Գեղամ Գևորգյանի խոսքով, Հանձնաժողովի աշխատանքը գնահատելու համար վերցրել են համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, որը 12 հենասյուների վրա գնահատում է  մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա: 

«Օրինակ՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Հարևան երկրների նկատմամբ Հայաստանը գտնվում է բավականին բարելավված դիրքում»,- ընդգծեց նա։ 

  • Կիսվել: