չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՏԿԵ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի տրանսպորտի կոմիտեին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները

ՏԿԵ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի տրանսպորտի կոմիտեին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության հրավերով, Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ Ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի 84-րդ նստաշրջանին, ինչպես նաև վերջինիս շրջանակներում կազմակերպվող՝ Եվրասիական տնտեսական միության՝ Եվրասիական տրանսպորտային կապերի զարգացման թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։
 
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև եվրասիական տնտեսական միջանցքների զարգացման ուղղությամբ տարվող քայլերը։
 
Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ տրանսպորտի ոլորտում եղած կոնվենցիաներին Հայաստանի միանալու հարցը։ Օլգա Ալգաերովան, պայմանավորվածության համաձայն, մասնագիտական աջակցություն կտրամադրի հայկական կողմին՝ ճանապարհային անվտանգության ռազմավարություն մշակելու նպատակով։
 
Ժնևում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ընդունվել է նախարարական բանաձև, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ՄԱԿ-ի ներքին տրանսպորտի կոմիտեն մասնագիտական աջակցություն կցուցաբերի հայկական կողմին տրանսպորտի ոլորտում մասնագիտական հմտությունների բարելավման ուղղությամբ։

  • Կիսվել: