կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Սյունիքի հյուրանոցներին կտրամադրվի 175 մլն դրամի չափով լրացուցիչ օժանդակություն. Վահան Քերոբյան

Սյունիքի հյուրանոցներին կտրամադրվի 175 մլն դրամի չափով լրացուցիչ օժանդակություն. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Սյունիքի մարզում հյուրանոցների աշխատանքի վրա պատերազմի հետևանքներին և այս հարցում Կառավարության աջակցությանը:

«Սյունիքում գտնվող հյուրանոցներն առանձնակի են տուժել կորոնավիրուսից և պատերազմի շոկերից: Քանի որ նաև անվտանգային որոշակի դժվարություններ կային, Սյունիքի հյուրանոցներում զբաղվածությունն այս տարի ևս բավարար չի եղել: Կառավարությունը որոշեց լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին: Օժանդակության չափը կազմում է 175 միլիոն դրամ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք լրացուցիչ օժանդակություն տրամադրել»,- ասաց Քերոբյանը:

Ինչպե՞ս է Կառավարությունը պատկերացնում հացահատիկի մշակմամբ զբաղվող գյուղացիների, փոքր գյուղացիական տնտեսությունների ապագան՝ հարցրեց պատգամավոր Արթուր խաչատրյանը: Նրա խոսքով՝ գյուղացիները վարկեր են վերցնում, բայց սերմացուի և պարարտանյութի գներն այնքան են բարձրացել, որ մարդկանց վարկունակությունը կասկածի տակ է դրվում:

«Ձեր բարձրացրած մտահոգությունները կան, և էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է դրանցով, այսինքն՝ կոնկրետ պարարտանյութի վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ ենք վարում տարբեր երկրներում գտնվող մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք գյուղացիներին ապահովել անհրաժեշտ ու ոչ այնքան թանկ պարարտանյութով»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց նաև, որ Կառավարությունը միտված է նրան, որ գյուղացիական տնտեսությունների եկամուտներն ավելանան առաջին հերթին արտադրողականության աճի հաշվին: 

  • Կիսվել: