կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ստացվում է մարդը զենքով պարգեւատրվեց, ասելու ենք՝ տար պետգույքի կառավարման միջոցով աճուրդի հանիր. Փաշինյան

Ստացվում է մարդը զենքով պարգեւատրվեց, ասելու ենք՝ տար պետգույքի կառավարման միջոցով աճուրդի հանիր. Փաշինյան

Պետական պաշտոնյաներին տրվող նվերների թեման բավական բարդ է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով  օրենքների փաթեթին, որով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները:

«Բազմաթիվ խնդիրների ու բարդությունների ենք հանդիպել համակարգը մշակելիս։ Ի սկզբանե թեմա կար, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, այսինքն չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը: Բայց արձանագրեցինք, որ դրա հետ  երկրի, պետության պատմությունը ցաքուցրիվ կանենք ու որևէ հետագիծ չի մնա: Նաև այլ խնդիրների էլ ենք բախվում, բայց  մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն ու բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների:  Ընդ որում, շատերը այդ կարգավորումներին նայում են միայն հանրության, թափանցիկության տեսանկյունից, բայց սա կարևոր է նաև պետական պաշտոնյաների պաշտպանվածության առումով։

Որովհետեւ լինում են ամենատարբեր իրավիճակներ, երբ պետական պաշտոնյաները հայտնվում են անհարամար իրավիճակում: Երբ կա օրենքով կարգավորում, շատ հեշտ է ասել՝ դա օրենքով արգելված է եւ խոսակցությունը փակվում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդպիսով, պաշտոնյան անհարգալից մարդու տպավորություն չի թողնի։

Նա ընդգծեց, որ կարեւոր է, որ կառավարությունը պետք է սահմանի հստակ ու իրագործելի կարգավորումներ եւ պետք է սահմանել, թե ինչ է նվերը։

«Եթե ինչ-որ մեկն եկավ ու ասաց՝ «վայ, հետս բերել եմ իմ գրած գիրքն ու բրոշյուրը, ուզում եմ նվիրել ձեզ», այդ գիրքը կարելի՞ է վերցնել, թե՞ ոչ։ Այնքան հարցեր կան, որ ամիսներով, նույնիսկ տարիներով քննարկում ենք, պետք է բոլոր դեպքերը կարողանանք սահմանել: Մենք պետական կարգով եւ արարողակարգով ունենք սահմանված թանկարժեք նվեր, պարգեւատրում զենքով եւ այլն: Հիմա անտրամաբանական է, որ մի դեպքում օրենքով նախատեսել ենք, որ օրինակ, կարող է պարեգեւատրում լինել զենքով, մյուս օրենքով ասենք՝ այդ զենքը պետք է տանես պետգույքի կառավարման վարչությունով աճուրդով հանես վաճառքի», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ շատ նրբություններ կան, որ պրակտիկայում կարգավորվելու են, այդ թվում նվերների օգտագործման  հետ կապված կարգը. «Նույն պետական արարողակարգային նվերները  հիմա էլ մենք օգտագործում ենք։ Մի բան ակնհայտ է՝ պաշտոնյաները նվերներ ստանալու  իրավունք չունեն և պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի: Դա պետք է դառնա սովորական, ամենօրյա ընկալում։

Մեր միջազգային գործընկերները վերջին իրադարձությունների հետ կապված ասում են՝ «մենք զարմանում ենք, թե ինչպես 100 000 բռնի տեղահանված մարդ եկավ Հայաստան եւ դուք կարողանում եք  կառավարել իրավիճակը»: Իմ պատասխանը մեկն է, ընդհանրապես նման հումանիտար ճգնաժամերում  ամենաառաջին ակտիվացող էլեմենտը կոռուպցիոն էլեմենտն է։ Երբ կա հստակ դրված հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը կենտրոնանում են աշխատանքի վրա, դա տալիս  իր արդյունքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն՝ պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ պրոցեսը, նշված գույքը տնօրինելու մարմինները և նրանց լիազորությունները: Այսպիսով, նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում հանձնել թանգարաններին, ազգային գրադարանին, ուղղակի նվիրաբերել այն բարեգործական նպատակներով, թողել նվեր ստացած պաշտոնական անձի կամ պետական անձի ժամանակավոր օգտագործմանը մինչև պաշտոնավարման ավարտը:

Եթե գործ ունենք պետությանը սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերներն իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով: Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետների, նախարարների կողմից ստացված նվերների հետ կապված եզրակացություն է տալու մասնագիտացված պետական մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը»,- ասաց Արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կարգավորումներն առավել թափանցիկ և կանխատեսելի կդարձնեն պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման գործընթացը:

Գրիգոր Մինասյանը նշեց, որ միջազգային փորձը ուսումնասիրելիս հասկացել են, որ ամենամեծ ստանդարտը, որ կա, այն է, որ երբեք նվիրողին չպետք է վիրավորել, այսինքն՝ վաճառքը վիրավորանք է, և երբեք չի կարելի վաճառքի միջոցով գույքն այդ իրացնել, և դրա համար է, որ այդ գործառույթը վերապահվելու է պետական արարողակարգային հաստատությանը, որը կորոշի գույքը սակարկություններով նվիրաբերել կամ բարեգործությանը տալ:

«Երկրորդ մասը պետական պարգևներն են ու զենքը՝ վարչապետի կողմից տրվող: Դա այս կարգավորումներով հստակեցրել ենք, որ այս կատեգորիայի մեջ չի մտնում: Այսինքն՝ եթե պետությունը Կառավարությունը բացեիբաց որևէ գույք է նվիրում պետական պաշտոնյային դա իրենն է, չի վերադարձվում [որպես] պետական գույք»,- ասաց նա և հավելեց՝ պետական պաշտոնյան որևէ նվեր ստանալու իրավունք չունի, որը կապված է իր պաշտոնավարման հետ. «Եթե մանկության ընկերը նվեր է տալիս, դա ուրիշ է, բայց եթե, օրինակ, ֆինանսների նախարարից, ում ես ճանաչում եմ, իմ պաշտոնավարման ժամանակ նվեր եմ ստանում, պետք է հրաժարվեմ: Կապ չունի՝ 10 հազար դրա՞մ է, թե՞ 100 հազար: Եթե պետական արարողակարգի շրջանակներում, այցի շրջանակներում նվեր է տրվում պետական պաշտոնյային, որը 60 հազարից դրամից վերև է, չինովնիկը դա պարտադիր պետք է հանձնի պետգույքի կառավարմանը, և արդեն Պետգույքի կառավարման կոմիտեն ինքն է որոշում՝ այդ գույքը ինչ անի»:

Փաշինյանը, եզրափակելով թեման, ընդգծեց. «Մեր ընդհանուր մոտեցումը, դիրքորոշումը սա է. պետական պաշտոնյան նվեր պետք է չստանա, պետական պաշտոնյային նվեր պետք է չտրվի: Սա՝ ի գիտություն մեր բոլոր պաշտոնյաներին և մեր պաշտոնյաներին նվեր տալու ցանկություն և սովորություն ունեցողներին»:

  • Կիսվել: