ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրը նախնական տվյալներով ձկնաբուծարաններն են

Սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրը նախնական տվյալներով ձկնաբուծարաններն են

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը խիստ նախնական գնահատականով հայտնաբերված է: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները: Թեև NABU-ն դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք, մասնավորապես, համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է՝ որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։

Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,- մասնավորապես ասել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը արագիլների աղտոտման խնդրի վերաբերյալ հրավիրած քննարկման ժամանակ։

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներ: 

  • Կիսվել: